Ըստ Պետքարտուղարության մամուլի ծառայության՝ ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը Ժնեւում մոտ ութ ժամ տեւած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումից հետո հայտարարել է, որ Սպիտակ տունը մերժում է Կրեմլի պահանջները ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու հարցով:
«Թույլ չենք տա որեւէ մեկին հակազդել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, ինչը դաշինքի համար միշտ կարեւոր է եղել։ Մենք չենք հրաժարվի երկկողմ համագործակցությունից Միացյալ Նահանգների հետ աշխատել ցանկացող ինքնիշխան պետությունների հետ եւ չենք ընդունի որոշումներ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, Եվրոպայի մասին առանց Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի մասին առանց ՆԱՏՕ-ի»,- ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։
Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա անհետեւանք չի մնա
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը միեւնույն ժամանակ շեշտել է, որ հակառակ տարաձայնություններին՝ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ հետագա բանակցությունների համար։ Շերմանն ասել է, որ ամերիկյան կողմը կտրականապես դեմ է այն առաջարկներին, որոնք Արեւմուտքն անընդունելի է համարում:
Ամերիկացի պաշտոնյան վերստին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա Մոսկվայի համար անհետեւանք չի մնա։ Նա նշել է, որ եթե Ռուսաստանն է՛լ ավելի ներխուժի Ուկրաինա, այդ գործողությունների գինը եւ հետեւանքները շատ ավելի հեռուն կգնան, քան եղել է 2014-ին։ Կհետեւեն ֆինանսական պատժամիջոցներ, որոնք կհարվածեն առանցքային ֆինանսական ինստիտուտներին, արտահանման վերահսկողության ոլորտին, արդյունաբերության կարեւոր ճյուղերին:
«Կավելացվի ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը դաշինքի անդամ երկրների տարածքում, ինչպես նաեւ Ուկրաինային հատկացվող օգնությունը անվտանգության ոլորտում»,- շեշտել է Ուենդի Շերմանը։
ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման կանխումը հրամայական է Ռուսաստանի համար
Ընդսմին Ժնեւում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումներում ռուսական կողմը ներկայացնող փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ներխուժել Ուկրաինա, հետեւաբար այդ հարցն առեւտրի առարկա չէ:
«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամերիկյան կողմը շատ լրջորեն է մոտեցել ռուսական առաջարկներին, դրանք խորությամբ ուսումնասիրել է»,- նշել է Ռյաբկովը՝ հավելելով, որ ռուսաստանյան պատվիրակությունը բացատրել է՝ ինչու է Հյուսիսատլանյան ռազմական դաշինքի հետագա ընդլայնման կանխումը հրամայական Ռուսաստանի համար։ Սակայն, ըստ ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետի, այդ հարցում առաջընթաց չկա: Ռյաբկովը շեշտել է, որ մյուս հարցերի լուծումը կախված կլինի հենց այդ հարցում առաջընթացից։
Արեւմուտքը մտավախություն ունի, որ Մոսկվան այնուամենայնիվ կներխուժի Ուկրաինա
Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի քննարկումները տեղի են ունենում Ուկրաինայի սահմաններին տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորականների եւ մեծաթիվ զինտեխնիկայի կուտակումների ֆոնին։ Արեւմուտքը մտավախություն ունի, որ 2014-ին Ղրիմը բռնակցած, ապա Ուկրաինայի կառավարական բանակի հետ պատերազմող անջատականներին աջակցելուց հետո Մոսկվան այժմ էլ կարող է Ուկրաինա ներխուժել։
Կրեմլը բազմիցս հերքել է այդ կասկածները՝ նախորդ տարվա դեկտեմբերին ներկայացնելով իր պահանջների ցանկը։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին է փոխանցել երկու փաստաթուղթ` պայմանագիր եւ համաձայնագիր: Առաջարկվող փաստաթղթերը ներառում են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի գաղափարները։
Պահանջների թվում են երաշխիքներ Ռուսաստանին առ այն, որ ՆԱՏՕ-ն այլեւս չի ընդլայնվի դեպի արեւելք եւ օրակարգից կհանի Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հարցը: Ռուսաստանը պահանջել է նաեւ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի 1997-ին գոյություն ունեցող ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:
Բանակցությունների հաջորդ փուլից հետո պարզ կդառնա
ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի` անվտանգության երաշխիքների շուրջ խորհրդակցություններն առաջին անգամ անցել են «հավասարը հավասարի հետ» սկզբունքով, ամերիկացիները ստիպված են եղել լսել։
«Դա երկխոսություն էր, ոչ թե երկու մենախոսություն։ Եվ հետպատերազմյան երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը բանակցային ձեւաչափով միանգամայն առարկայորեն ամերիկացիներին ներկայացրեց ե՛ւ իր քննադատական մտահոգությունները, ե՛ւ դրանց արմատական վերացման ուղիները:
Ըստ Կոսաչովի՝ երկու տերությունների միջեւ տեւական ժամանակ նման խոսակցություն չէր եղել, եւ բանակցությունների հաջորդ փուլից հետո պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդոք ՆԱՏՕ-ի հնացած մեքենան ընդունել նոր «համակարգը»:
«Ռուսաստանի համար զիջումների ժամանակը անցյալում է մնացել»
«Ամերիկացիները վերջին երեք տասնամյակում իրենց էին ենթարկում աշխարհը եւ այնպես անում, որ իրենց հետ հավասար չխոսի ոչ ոք՝ ո՛չ դաշնակիցները, ո՛չ ընդդիմախոսները, ո՛չ էլ հակառակորդները։ Ցանկացած նման փորձ ամերիկացիները կանխում էին սաղմնային վիճակում՝ հենց սկզբից ընդհատելով խոսակցությունը, եթե հարմար չէր իրենց, հետո սեփական դիրքորոշումն էին պարտադրում բոլոր հնարավոր միջոցներով։ Հիմա ամերիկացիները ստիպված եղան լսել։ Քանի որ այս անգամ Ռուսաստանը կոշտ կերպով մատնանշեց, որ կընդհատի ցանկացած խոսակցություն, եթե այն բովանդակային ու առարկայական չլինի»,- ընդգծել է նա։
Կոսաչովը ժնեւյան բանակցությունները համեմատել է ավելի ու ավելի հնացող համակարգչի վրա տեղադրվող նոր օպերատիվ համակարգի հետ։ «Ամերիկացիները լսեցին, չվառվեցին եւ, հուսով եմ, ընկալեցին։ Քիչ բան չէ: Այժմ իսկապես վերագործարկման հնարավորություն կա»,- շեշտել է սենատորը։
Նա այն համոզմունքն է հայտնել, որ Ռուսաստանի համար զիջումների ժամանակը, հարաբերությունները չփչացնելու ձգտումը անցյալում են մնացել։
«Այդ գնացքը վերջնականապես հեռացել է։ Մենք մրցակցին անկյուն չենք գցում ու առավել եւս մատ չենք անում։ Մենք մեր ֆիգուրները միակողմանիորեն չենք հեռացնում «մեծ շախմատի տախտակից»։ Հետագայում խաղը կարող է լինել միայն հավասարը հավասարի հետ»,- ընդգծել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակը։
Մոսկվայի պահանջների շուրջ Ժնեւում տեղի ունեցած հանդիպումը Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ առաջին հանդիպումն էր։ Բրյուսելում հունվարի 12-ին տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հաջորդ օրը Վիեննայում կանցկացվեն բանակցություններ ԵԱՀԿ շրջանակում: