Ռուս գրող, երգիծաբան, դրամատուրգ, լրագրող, իրավապաշտպան Վիկտոր Շենդերովիչը հայտնել է, որ լքում է Ռուսաստանը։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը 2021-ի դեկտեմբերի 30-ին նրան «օտարերկրյա գործակալ» է հռչակել։
Շենդերովիչը նշել է, որ Ռուսաստանից հեռանալու որոշումը կապված է իր դեմ զրպարտանքի հոդվածով քրեական գործի հարուցման հնարավորության հետ։
Ընդդիմադիր հայացքներով հայտնի գրողի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով անցած տարեվերջին մոսկովյան ոստիկանությանն էր դիմել Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինը։ Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը բավարարել էր Պրիգոժինի հայցը՝ Շենդերովիչին տուգանելով 100 հազար ռուբլով, իսկ «Эха Москвы»-ին՝ 1 միլիոն ռուբլով։ Հայցում նշված էր, որ «Հատուկ կարծիք» ծրագրի թողարկումներից մեկում Շենդերովիչը Պրիգոժինին մարդասպան ու հանցագործ է անվանել։ Շենդերովիչին նաեւ 4 տարվա ազատազրկում է սպառնում զրպարտության մեղադրանքով։
Շենդերովիչը հայտարարել է, թե քանի դեռ Պրիգոժինը Ռուսաստանում վերնախավ է համարվում, ինքը կշարունակի «օտարերկրյա գործակալի ֆունկցիաները կատարել հայրենիքից դուրս, բայց գոնե առանց դնչկալի»։
Պրիգոժինի անունը կապվում է Սիրիայում եւ աֆրիկյան մի շարք պետություններում ակտիվ գործունեություն ծավալած «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հետ։ 2021-ի դեկտեմբերի 13-ին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց «Վագների խմբի» հետ կապ ունեցող 4 իրավաբանական եւ 8 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Եվրոպական երկրները համարում են, որ Կրեմլը Պրիգոժինի հետ սերտ ֆինանսական կապեր ունեցող վարձկանների խմբին միջազգային կոնֆլիկտներում օգտագործում է որպես ազդեցության լծակների։
Բրյուսելը 2020-ին անհատական պատժամիջոցներ է սահմանել նաեւ Պրիգոժինի դեմ, որին հաճախ «Պուտինի խոհարար» են անվանում Կրեմլի հետ սերտ կապերի համար։
Ռուսաստանում ԶԼՄ-«օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունվել է 2017-ին։ Ըստ այդ օրենքի՝ «օտարերկրյա գործակալ» կարող է լինել ցանկացած ԶԼՄ, որը ֆինանսավորում կամ միջոցներ է ստանում արտերկրից։ ՌԴ-ում արդեն ավելի քան 100 «օտարերկրյա գործակալ» հռչակված զանգվածային լրատվամիջոց կա։