ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում իր առաքելությունը կավարտի այդ երկրում իրադրության լիակատար կայունացումից հետո։ Նա ընդգծել է, որ վերջնական որոշումը կընդունեն Ղազախստանի իշխանությունները։
Շոյգուն նշել է, թե ներկայում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն իրականացնում են կարեւորագույն ռազմական, պետական եւ սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը։ Նա շեշտել է, որ ՀԱՊԿ զորախումբը Ղազախստան է տեղափոխվել ընդամենը երեք օրում, ինչը հնարավոր եղավ ՀԱՊԿ անդամ պետությունների համադրված եւ օպերատիվ գործողությունների շնորհիվ։
Շոյգուն ընդգծել է, որ դրան նպաստել են համատեղ զորավարժությունները եւ Սիրիայում ռուսական զորքի եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում ձեռք բերված փորձը։