«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հայտնել է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու:
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Հիմնադրամի տնօրենը հիշեցրել է, որ դրամահավաք-արշավի մեկնարկը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով: Նա նշել է, որ 500 հազար նվիրատուի գումարներն ուղիղ եկել են հիմնադրամի տարբեր հաշիվներին: «Հիմնադրամն ունի դրամային հաշիվներ ԿԲ-ում, նաեւ հաշվեհամարներ՝ տարբեր մասնավոր բանկերում, գանձապետական հաշվեհամար չունի: Այդ 500 հազար նվիրատուի մի լուրջ հատվածը եկել է արտասահմանից»,- ասել է Արշամյանը:
Նա ընդգծել է, որ թվերը մոտավոր են. նվիրատուների մի լուրջ հատվածի նույնականացնել չի լինում, կարճ հաղորդագրությունների միջոցով 1000 դրամներ փոխանցած անձանց անհատական տվյալներ չկան: Բացի դրանից, առցանց նվիրատվություններ կատարած բազմաթիվ նվիրատուներ չեն նշել իրենց անուն-ազգանունները:
Համահայկական հիմնադրամը հավաքագրված գումարներից ՀՀ-ին նվիրաբերել էր 52 միլիարդ 703 միլիոն 113952 դրամ: