Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ գերիների հարազատները հունվարի 11-ին կառավարության առջեւ բողոքի ցույց են արել: Նրանք պահանջում են հստակ ժամկետներ հայտնել գերիների վերադարձի համար, ինչպես նաեւ հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ:
Գերեվարված շիրակցի տղաներից մեկի եղբայրն ասել է, որ իրենց հանգստացնում են, թե գերիների հարցով բանակցություններ են ընթանում, գործընթաց կա, մինչդեռ հարազատները մինչեւ հիմա ոչ մի արդյունք չեն տեսել։
«Ուզում ենք իմանալ` կոնկրետ օր գալո՞ւ է, որ մեր տղաները տուն գան»,- ընդգծել է գերեվարված զինվորի հարազատներից մեկը։ Նա նշել է, որ պարբերաբար կարողանում են կապ հաստատել գերության մեջ գտնվող իրենց հարազատների հետ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նամակներ եւ տեսանյութեր են ստանում։ Ամիսը մեկ անգամ էլ զանգով են կարողանում կապ հաստատել գերիների հետ։
«Մենք մեր տղերքին ենք ուզում, այդքան բան։ Վերջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեց ամիս առաջ ենք հանդիպել, ասաց` երկու ամիս էլ թող համբերեն, լավ կլինի։ Հիմա բա մենք ի՞նչ անենք` գնանք Ալիեւին դիմե՞նք։ Դա էլ կանենք»,- ասել է գերիներից մեկի հայրը: Նա հավելել է, որ այս ընթացքում արդեն գերիների երկու ծնող է մահացել` այդպես էլ չտեսնելով իրենց որդիներին:
Գերիների հարազատները զգուշացրել են, որ եթե իրենց չընդունեն կառավարությունում, անժամկետ նստացույց կհայտարարեն։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում առ այսօր գերության մեջ է պահվում 80 հայ ռազմագերի։