Ըստ աֆղանական Aamaj News գործակալության՝ հունվարի 11-ին մի խումբ աֆղանստանցի կանայք բողոքի ցույց են կազմակերպել Քաբուլում: Նրանք հանդես են եկել կանանց նկատմամբ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման վարած քաղաքականության դեմ: Ցույցի մասնակիցները բացել են «թալիբների բռնակալությանը վերջ տալու» կոչերով ցուցապաստառներ:
Ըստ ցուցարար կանանց՝ իշխանության գլուխ անցնելուց հետո արմատականները սկսել են բազում սահմանափակումներ մտցնել կանանց եւ աղջիկների նկատմամբ՝ դա բացատրելով պետության մեջ «իսլամին համապատասխանող միջավայր» ստեղծելու անհրաժեշտությամբ:
Թալիբները, մասնավորապես, վերացրել են շուրջ 20 տարի գոյություն ունեցող՝ Կանանց գործերի նախարարությունը՝ փոխարենը ստեղծելով 1996-2001 թվականներին թալիբների իշխանության օրոք գործող իսլամական «բարքերի ոստիկանության» գործառույթներով օժտված մարմնի նմանակը:
Միեւնույն ժամանակ «Թալիբանի» ներկայացուցիչները երկրի նահանգների մեծ մասում սահմանափակել են աղջիկների՝ դպրոց հաճախելու հնարավորությունը, կին հեռուստահաղորդավարներին պարտավորեցրել են հիջաբ կրել, իսկ տեղական հեռուստաալիքներին հանձնարարել են ձեռնպահ մնալ թույլ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունից:
Միջազգային հանրությունը քննադատել է նաեւ թալիբների կազմած ժամանակավոր կառավարությունում կանանց բացակայությունը: