Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ «Բարաքաթ» էլեկտրոնային բժշկության գիտանախաձեռնող ընկերության գլխավոր տնօրեն Սաջադ Մորավեջին ասել է, որ Իրանը դարձել է այն սակավաթիվ երկրներից, որտեղ մշակվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի արագ հայտնաբերման համար նախատեսված նոր տարբերակներ։ Նա նշել է, որ այդ մեթոդները նախատեսված են կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի հայտնաբերման համար, այնպես որ ապագայում բռնկման դեպքում հնարավոր կլինի բացահայտել կորոնավիրուսի այլ մանրէահիմքեր եւս:
Նոր մանրէահիմքը կարելի է նույնականացնել 15 րոպեում
Մորավեջին բացատրել է, որ այդ փաթեթների օգնությամբ կորոնավիրուսի նոր մանրէահիմքը կարելի է նույնականացնել 15 րոպեում. թեստից հետո պետք է հավաքել շտրիխ կոդը, հիվանդի երկրի ազգային կոդը, նմուշի ազգային կոդը, ինչպես նաեւ նմուշ վերցնելու ամսաթիվն ու վայրը, որոնք ներմուծվում են թվային համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հետեւել այն մարդկանց, ովքեր կապ են ունեցել վարակվածների հետ:
«Բարաքաթ» ընկերության գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ «Օմիկրոնի» արագ ախտորոշման համար նախատեսված հավաքածուն արտադրել են իրանցի հետազոտողները: Նա ընդգծել է, որ իրանական տեխնոլոգիական արտադրանքն արդեն մտել է ներքին շուկա եւ ակտիվորեն կիրառվում է:
Մորավեջին նաեւ շեշտել է, որ ախտորոշման այդ փաթեթն ունի 92% ճշգրտություն եւ 98% զգայունություն, ինչը վկայում է իրանական արտադրանքի շատ բարձր որակի մասին:
Ըստ նրա՝ «Բարաքաթ» ընկերության արտադրողականությունն այժմ կազմում է օրական մոտ 200 հազար փաթեթ, սակայն, եթե պահանջվի, այդ ամենը կարող է ավելանալ:
Հունվարի 8–ին Հայաստանում «Օմիկրոն»-ով վարակված երկու քաղաքացի հայտնաբերվեց։ Վարակված անձանցից մեկը ԱՄՆ-ից է Մոսկվայով ժամանել Հայաստան, իսկ մյուսը` Եգիպտոսից։ Նրանք հիվանդությունը թեթեւ են տանում եւ բուժումը ստանում են տնային պայմաններում։
Եվրոպայի բնակչության կեսից ավելին կվարակվի «Օմիկրոն» մանրէահիմքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ առողջապահական հաշվարկների եւ գնահատման եվրոպական ինստիտուտի կանխատեսմամբ առաջիկա 6-8 շաբաթներին Եվրոպայի բնակչության կեսից ավելին վարակված կլինի կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով։
ԱՀԿ-ի՝ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտնել է, որ «Օմիկրոն» մանրէահիմքն արդեն իսկ հայտնաբերվել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 53 պետություններից 50-ում։ Արեւմտյան Եվրոպայում այս պահին «Օմիկրոն»-ը կորոնավիրուսի մյուս տարբերակների համեմատ գերակշիռ դիրք ունի եւ արագորեն տարածվում է դեպի Բալկաններ։
Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ «Օմիկրոն»-ը խիստ վարակիչ է եւ կարող է ազդել նաեւ նախկինում կորոնավիրուսով հիվանդացած եւ պատվաստված մարդկանց վրա։
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այս պահին Եվրոպայում կիրառվող պատվաստանյութերը շարունակում են կանխել հիվանդության ծանր ընթացքը, այդ թվում՝ «Օմիկրոն»-ով վարակվելու դեպքում: