Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենան հունվարի 18-ին Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ։ Մինչ այդ խոսնակի գործառույթները կանցնեն փոխխոսնակ Ռոբերտա Մեցոլային։
Եվրախորհրդարանի նախագահ 66-ամյա Դեյվիդ Սասոլին մահացել է հունվարի 10-ի գիշերը Իտալիայի Ավիանո քաղաքի քաղցկեղի կենտրոնում։ Նա հոսպիտալացվել էր դեկտեմբերի վերջին իմունային համակարգի դիսֆունկցիայով։
Սասոլին հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Եվրախորհրդարանի նախագահի ընտրությանը։ Այն ի սկզբանե էլ, նախքան Սասոլիի հանկարծամահ լինելը, նախատեսված էր անցկացնել այս տարվա հունվարի 18-ին։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ ERP (EPP)՝ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը, հայտարարել է, որ խոսնակի պաշտոնում ընտրել է իր թեկնածուին։ ԵԺԿ միասնական թեկնածուն կլինի փոխխոսնակ Ռոբերտա Մեցոլան։ Նա կարող է դառնալ Եվրախորհրդարանի՝ 1999-ից ի վեր առաջին կին նախագահը։
Դեյվիդ Սասոլին Եվրախորհրդարանի խոսնակ է ընտրվել 2019-ի հուլիսի սկզբին։ Նա Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր եւ ընտրվել է ձայների մեծամասնությամբ՝ քվեարկության երկրորդ փուլում։
Եվրախորհրդարանի նախագահն ընտրվում է 2,5 տարին մեկ։ Նա ղեկավարում է խորհրդարանի գործունեությունը, նախագահում լիագումար նիստերը, ներկայացնում խորհրդարանը միջազգային մակարդակով։ Եվրախորհրդարանի ղեկավարն ունի 14 փոխխոսնակ։
Եվրախորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024-ին։