Ըստ հյուսիսկորեական Աշխատանքային կուսակցության պաշտոնաթերթ «Նոդոն Սինմուն» պարբերականի՝ ԿԺԴՀ-ն անցկացրել է գերձայնային հրթիռի փորձարկում: Հրթիռի մարտագլխիկը խոցել է թիրախը 1000 կիլոմետր հեռավորության վրա: Փորձարկմանը հետեւել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը:
Նախօրեին Հյուսիսային Կորեան մոտավորապես 07:27-ին (Երեւանի ժամանակով 02:27-ին) երկրի ներքին շրջաններից Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակել:
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները տեղեկության մանրակրկիտ ուսումնասիրություն են անցկացնում:
Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ հրթիռը անցել է առնվազն 700 կիլոմետր, իսկ առավել մեծ արագությունը կազմել է 10 Մախ՝ 60 կիլոմետր առավել բարձր թռիչքի ժամանակ*:
Հարավկորեացի զինվորականների կարծիքով՝ այդ արկն ավելի կատարելագործված է եւ վտանգավոր, սակայն Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեում առայժմ հրաժարվել են հաստատելուց, թե այն արդյոք գերձայնային հրթիռ է:
Ըստ հարավկորեական «Ռյոնհափ» գործակալության՝ «Նոդոն Սինմուն»-ի հրապարակած լուսանկարից երեւում է, որ հունվարի 11-ին արձակված հրթիռի մոդելը շատ նման է հունվարի 5-ին արձակված հրթիռի մոդելին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաքելությունը
Չինաստանի ԱԳՆ-ն ԿԺԴՀ հրթիռի արձակումից հետո կողմերին կոչ է արել զգուշություն դրսեւորելու հայտարարություններում եւ գործողություններում: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել հապճեպ եզրահանգումներ անելուց եւ համատեղ ուժերով պահպանել խաղաղությունն ու կայունությունը Կորեական թերակղզում:
Չինաստանի դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ՉԺՀ-ն միշտ հավատարիմ է եղել այն դիրքորոշմանը, ըստ որի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դրական եւ կառուցողական դեր պետք է խաղա Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման հարցում, իսկ ցանկացած գործողություն պիտի նպաստի խաղաղության հաստատմանն ու խթանի կողմերի միջեւ երկխոսության ծավալումը:
*Մախի թիվ — գազի, հոսանքի հիմնական բնութագրիչ: Մախի թվային արտահայտությունը նախեւառաջ կախված է թռիչքի բարձրությունից. որքան մեծ է թռիչքի բարձրությունը, այնքան ցածր է ձայնի արագությունը, եւ մեծ է Մախի թիվը: Եթե ցամաքում Մախի թվի արագությունը հավասար լինի 1-ի, այն համարժեք կլինի մոտավորապես վայրկյանում 340 մետր արագությանը: