Արվեստագետները կփաստեն, որ Գյումրին, երեւի թե, ամենատրամադրող քաղաքներից է, որովհետեւ շատ բազմաշերտ է եւ կոնտրաստների քաղաք է։ Դրա ամենավառ օրինակն է, երբ ավերիչ երկրաշարժից հետո Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի կողմից ստեղծվեց միջազգային փառատոն։ 1997 թվականը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերի համար, կարելի է համարել վերածննդի ժամանակաշրջան․ այդ թվականին է ստեղծվել նաեւ Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնը, որը հետո բիենալեներ էր անելու։ Անդրկովկասում առաջին միջազգային բիենալեն Գյումրիում արվեց։ Այս պահին գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը միակն է, որը գրաֆիկայի այնպիսի լաբորատոր հագեցվածություն ունի, որը տարբերվում է ամբողջ Հայաստանում։