ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն հայտնել է, որ Sars-Cov-2 վիրուսն աստիճանաբար էնդեմիկ է դառնում: Դա դեռ տեղի չի ունեցել, բայց ԱՀԿ-ն դիտարկում է իրադրության զարգացման տարբերակները։
Էնդեմիկ է համարվում տվյալ տարածաշրջանին հատուկ հիվանդությունը, որը մշտապես առկա է տեղի բնակիչների շրջանում: Էնդեմիկ կարող են լինել նաեւ վարակները, որոնց հարուցիչները մշտապես գտնվում են որոշակի վայրում:
«Հիմա մենք համավարակի մեջտեղում ենք ու տարածման մակարդակը, ինտենսիվությունը, ինչպես նաեւ հիմնական բժշկական ծառայությունների վրա նոր վարակվածությունների ազդեցության մակարդակը, հոսպիտալացման մակարդակը շատ կարեւոր են… Այնպես որ, վարակը էնդեմիկ դառնալու ճանապարհին է, բայց մենք դեռ դրան չենք հասել»,- ասել է փորձագետը: ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ վիրուսը մի երկրի համար չի կարող էնդեմիկ դառնալ, եթե մյուսներում համավարակը շարունակվի։
Վան Կերկխովեն նշել է, որ «Օմիկրոնն», ամենայն հավանականությամբ, վերջին մանրէահիմքը չէ, եւ որ վիրուսը շարունակում է զարգանալ, հետեւաբար գործ ունենք անկանխատեսելիության տարրի հետ։ Նա հավելել է, որ ի տարբերություն գրիպի եւ տիպիկ այլ սեզոնային հիվանդությունների՝ կորոնավիրուսը անկանխատեսելի է, բայց գուցե երբեւէ այն նույնպես կանխատեսելի դառնա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, ըստ փորձագետի, դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ՝ կապված «Օմիկրոն» մանրէահիմքի առաջացման հետ։