Ըստ ֆրանսիական «Ֆրանս-պրես» գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել է այն երկրների ցանկը, որոնք ՄԱԿ-ի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով ժամանակավորապես զրկվել են ձայնի իրավունքից:
ՄԱԿ-ում 2022-ի սկզբին ձայնի իրավունքից ժամանակավորապես զրկվել են Իրանը, Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա եւ Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Պապուա Նոր Գվինեան եւ Վանուատուն:
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության՝ ՄԱԿ-ի անդամ պետությունը զրկվում է ձայնի իրավունքից երկու եւ ավելի տարիներ կազմակերպության անդամավճարը չվճարելու դեպքում: Մասնավորապես Իրանը ձայնի իր իրավունքը միջազգային հեղինակավոր կառույցում վերականգնելու համար ՄԱԿ-ին պետք է վճարի նվազագույնը 18 միլիոն դոլար:
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների պատճառով Թեհրանն ի վիճակի չէ վճարելու ՄԱԿ-ի անդամավճարը: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ՄԱԿ-ին հորդորել է հաշվի նստել վերոնշյալ հանգամանքի հետ:
Անդամավճարների մուծումների չափն ու մասնաբաժինն՝ ըստ գերտերությունների հնարավորության
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ին որպես անդամավճար 2020-ի հաշվարկներով տարեկան մուծում է շուրջ 680 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է Միավորված ազգերի կազմակերպության բյուջեի 22%-ը, Չինաստանը՝ ավելի քան 370 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 12%-ը, Ճապոնիան՝ 265 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 8,5%-ը, Գերմանիան՝ մոտ 188 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 6%-ը, Մեծ Բրիտանիան՝ 140 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 4.5%-ը, Ֆրանսիան՝ 136 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 4,4%-ը, Իտալիան՝ 102 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 3,3%-ը, Կանադան՝ շուրջ 84 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 2,7%-ը: Ռուսաստանը՝ 74 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 2.4%-ը, Հարավային Կորեան՝ շուրջ 70 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 2,2%-ը: Իսպանիան՝ 66 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի 2,1%-ը, Թուրքիան՝ շուրջ 42 միլիոն դոլար կամ ՄԱԿ-ի բյուջեի մոտ 1,3%-ը:
Հայաստանի Հանրապետությունը 2018-ին մուծել է 145 հազար 843 դոլար տարեկան անդամավճար, 2019-ի հունվարին՝ 195 հազար176 դոլար:
ՄԱԿ-ը սահմանել է պատվո ցանկ (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար, 2018-ի հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 7-ը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը