ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ղազախստանում խաղաղապահ գործողության ավարտի արարողության ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում ցույց տվեց՝ կազմակերպության պաշտպանական ներուժը բարձր արդյունավետություն ունի ու իսկապես գործող է:
Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի միաձայն որոշմամբ ստեղծված Հավաքական խաղաղապահ ուժերը պատվով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:
ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունը հունվարի 13-ին ավարտվում է, ինչից հետո սկսվում է զորակազմի փուլային դուրսբերման տասնօրյա գործընթացը։
108 չվերթով՝ 2000 խաղաղապահներ, 250 միավոր տեխնիկա
Ստանիսլավ Զասի կարծիքով գործողության ընթացքում ձեռք է բերվել ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի սերտ փոխգործակցության անգնահատելի փորձ ահաբեկչությանն ու պետության ներսում ապակառուցողական ուժերին հակազդելու գործում:
Գլխավոր քարտուղարն առանձնացրել է ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի լավ համակարգված գործողությունները։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները գրեթե անդադար ռեժիմով գործողության անցկացման շրջան են տեղափոխել ավելի քան 2000 խաղաղապահների ու շուրջ 250 միավոր տեխնիկա: Իրականացվել է ավելի քան 108 չվերթ։
Հապաղումները երբեմն մահվան են հավասար
«ՀԱՊԿ-ը՝ մեր կազմակերպությունը, ապացուցել է իր պահանջարկն ու արդյունավետությունը, ցույց է տվել, որ կարող է գործել արագ, վճռական եւ արդյունավետ, առանց հապաղումների, որոնք, ինչպես հայտնի է, երբեմն «մահվան են հավասար»,- ավելացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Ստանիսլավ Զասն ասել է, որ ղազախական կողմի կամարտահայտությանը համապատասխան` խաղաղապահները ծրագրած ժամկետներում դուրս կբերվեն իրենց մշտական տեղակայման վայրեր: Իսկ հատկապես աչքի ընկած անձինք, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, կպարգեւատրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ու կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների պարգեւներով: