ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ խաղաղապահները Մարտունիի շրջանի վարչակազմի կողմից ստացված հայտով ապահովել են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով տեղակայված նռան այգիներում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լեբեդեւը նշել է, թե քանի որ այդ գյուղատնտեսական տարածքները կողմերի սահմանազատման գծին մոտ են, վարչակազմի ղեկավարը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ Լեբեդեւի՝ ամեն օր Մարտունու շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի եւ ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են գյուղատնտեսական տարածքների եւ արոտավայրերի մաքրման աշխատանքներ:
Մարտունու շրջանի բնակիչ Ռուբեն Հակոբյանը հավելել է, որ իրենք այստեղ աշխատում են նռան այգում, ինչն իրենց առօրյա գործն է։ Նա երախտագիտություն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ այգում անվտանգ աշխատանքն ապահովելու համար։
Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար խաղաղապահները կազմում են ժամանակացույց։ Խնդիրները ստացվում են Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանի միջոցով: