Թուրքական «Քալան» ձայնագրման անկախ ընկերությունը («Քալան մյուզիք») Փոքր Ասիայի երաժշտությունը ներկայացնելու իր ծրագրերի շրջանակում հերթական անգամ հայերին է անդրադարձել: Ընկերությունը վերջերս հրատարակել է «Հայերն Ամերիկայում» երկլեզու (անգլերեն եւ թուրքերեն) գիրքը՝ երեք ուղեկցող ձայնասկավառակներով:
«Քալան»-ը նշում է, որ այն 1915 թվականից առաջ եւ հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթած անատոլահայերի երաժշտական ճանապարհորդությունն է: Ձայնասկավառակներում ներառված 58 երգերն ընտրվել են ամերիկահայ երաժիշտ Արա Դինքջյանի՝ մոտ 5000-ի հասնող ձայնապնակների բացառիկ հավաքածուից։ Արա Դինքջյանն է դրանք սիրով տրամադրել թուրքական ընկերությանը՝ հավատալով այն եզակի գործին, որ «Քալան»-ն անում է Թուրքիայում` սկսած 1991-ից:
Ընկերությունը մոռացությունից փրկել եւ ձայնագրել է Անատոլիայի ազգային ու մշակութային բազմազանությունը ներկայացնող հազվագյուտ նմուշներ՝ ասորերենով, չերքեզերենով, պոնտոսերենով, հունարենով, սեֆարդերենով (հրեական իսպաներեն), զազայերենով, քրդերենով, պոմակերենով, եզդիերենով եւ փոքրասիական թերակղզում տարածված այլ լեզուներով ժողովրդական, կրոնական, ծիսական, ազգային երգեր ու մեղեդիներ:
«Հայերն Ամերիկայում» ձայնասկավառակներում ներառված երգերն անցյալ դարասկզբին ԱՄՆ-ում հայերի կատարմամբ ձայնագրված առաջին հայկական երգերն են, որոնց օրինակներից պահվում են նաեւ Կոնգրեսի գրադարանի երաժշտական բաժնում, ամերիկյան ձայնագրման ընկերությունների արխիվներում:
Արա Դինքջյանի ընտրած 50-ից ավելի երգերը նախկինում ձայնասկավառակների (CD) վրա չեն ձայնագրվել: Նա ասում է, որ Կոնգրեսի գրադարանն ունեցածն ամբողջացնելու համար հետաքրքրված է իր հավաքածուով, եւ ինքը հավանաբար այն կնվիրի գրադարանին՝ պայմանով, որ հասանելի լինի հանրությանը: Հավաքածուի նմուշներն Արա Դինքջյանը ձեռք է բերել թե՛ Թուրքիայից, թե՛ ԱՄՆ-ից՝ տներում, հնավաճառների եւ հավաքորդների մոտ փնտրելով ամերիկյան ձայնագրման ստուդիաների կնիքը կրող ձայնապնակներ:
Հայերը, գաղթելով ԱՄՆ, մի շարք գործերի շարքում այնտեղ բացել են նաեւ ձայնագրման ստուդիաներ:
«Մարկոսյաններ», «Եփրատ», «Բարսեղյան», «Շամլյան», «Փարոս», «Աշուղ ռեքորդս», «Հրանտ ռեքորդս» եւ հայերին պատկանած այլ ստուդիաներ իրենց նշանակալի հետքն են թողել ամերիկյան ձայնագրման ստուդիաների պատմության մեջ, դրանց ծառայություններից նաեւ ամերիկացիներն էին օգտվում:
Իրենց հիմնած ստուդիաներից բացի հայերը ձայնագրվում էին նաեւ «Կոլումբիա ռեքորդս» եւ այլ նշանավոր ստուդիաներում:
Գրքում մանրամասն տեղեկություններ կան նաեւ այն երգիչների մասին, որոնք կատարում են երգերը: Գարեգին Բրուտյան, Հովսեփ Շամլյան, Մանուկ Ջանիկյան, Ենովք Տեր-Հակոբյան, Աշուղ Մուրադ Էլանջյան, Խարբերդցի Գարեգին, Խոսրով Մալուլ, Կարպիս Բաքրջյան եւ բազմաթիվ այլ անուններ այսօրվա երաժշտասերին գուցե ոչինչ չասեն, բայց նրանք ու նրանց երգերը 20-րդ դարի սկզբին եղել են ներգաղթած ամերիկահայերի կյանքի անբաժան մասը:
Երգը սփոփանք է եղել հայրենիքից տեղահանված հայերի համար, նրանք հայրենակցական միություններ են ստեղծել ԱՄՆ-ում, հավաքներին երգել իրենց բնակավայրերին բնորոշ երգերը: Խնջույքներին, ինչպես նշվում է գրքում, սկզբնական շրջանում արեւելյան ոճով մասնակցում էին միայն տղամարդիկ, որ ուտում էին, խմում եւ երգում:
Հետո նրանց միացան նաեւ ընտանիքները, իսկ երբ երեխաները մեծացան, սկսեցին կազմակերպվել պարի երեկոներ, որ նոր սերնդի երիտասարդները ծանոթանան միմյանց հետ, եւ այդպես ի հայտ եկան ամերիկահայերի կյանքում մեծ տեղ գրավող «քեֆի երեկոները», որոնց ընթացքում նաեւ հունական եւ թուրքական երաժշտություն է հնչում: Անատոլիայից տարված արեւելյան նվագարաններին խառնվեցին նաեւ ժամանակակից երաժշտական գործիքներ, հնագույն մեղեդիները նոր կյանք ստացան:
Գրքում անդրադարձ կա Ուդի Հրանտին՝ Ադափազարից գնացած հայ կույր ուդահարին, որն ԱՄՆ է տարել ուդը, ինքն էլ լեգենդ էր ամերիկյան իրականության մեջ, երգում էր հայկական, հունական եւ թուրքական համայնքներում: Ավելի ուշ հայ երգիչները, հույների եւ հրեաների հետ խմբեր կազմելով, երգում էին Նյու Յորքի եւ այլ քաղաքների բարձրաշխարհիկ վայրերում:
Անդրադարձ կա «Հայերը 8-րդ պողոտայում» ալբոմին եւ ամերիկյան քաղաքների աշխարհագրությանը, որտեղ երաժշտական գործունեություն են ունեցել հայերը:
«Հայերն Ամերիկայում» գրքում զետեղված են էթնոերաժշտագետ Մելիհ Դույգուլուի եւ երաժշտության տեսաբան Հարրի Ա. Քեզելյանի հոդվածները: Տեքստերն ուղեկցվում են օսմանյան աշխարհագրության տարբեր շրջանների հայերի առօրյան արտացոլող լուսանկարներով:
Հայկական երաժշտությունն առանձին ձայնասկավառակներով ներկայացնելը եղել է «Քալան»-ի հիմնադիր Հասան Սալտիկի երազանքներից մեկը, որի ուղղությամբ նա տարիներով աշխատել է:
2021-ի ամռանը Սալտիկի հանկարծակի մահով ծրագիրն ընդհատվել է, եւ ամուսնու գործը տարեվերջին ավարտել է կինը՝ Նիլյուֆեր Սալտիկը: Նա այս նախագիծը նվիրել է ամուսնու հիշատակին եւ «Քալան»-ի 30-ամյակին:
Ընկերությունն իր երեսնամյա գործունեության ընթացքում բազմիցս հետապնդվել է թուրքական իշխանության կողմից:1980-ի թուրքական պետական հեղաշրջումից հետո ընդունված օրենքներն արգելում էին փոքրամասնությունների լեզուներով երգերը, հետապնդվում էին հատկապես քրդական մեղեդիներ տարածողները, բայց Հասան Սալտիկը պաշտպանում էր փոքրամասնությունների երաժշտական իրավունքը՝ վտանգելով իր կյանքը: Սալտիկը համոզված էր, որ փոքրամասնությունները Թուրքիայի ամենամեծ մշակութային արժեքն են: 1992 թվականին քրդական երաժշտություն թողարկելու համար նա երեք տարվա ազատազրկման է դատապարտվել եւ պատժից խուսափել միայն այն պատճառով, որ դատախազը նրա կատարած գործը բարձր էր գնահատում:
2001 թվականին Թուրքիայի արդյունաբերության եւ առևտրի նախարարությունը փորձել է փակել «Քալան»-ը, 2002-ին երաժշտություն թողարկելու նրա արտոնագիրը բռնագրավվել է, երբ ընկերությունը մի հին ժողովրդական երգ է թողարկել, որտեղ հնչում է «Քուրդիստան» բառը: Դատավճիռը փոխվել է բողոքներից հետո:
2002 թվականի ընտրություններից եւ Թուրքիայի՝ դեպի եվրոպական կառույցներ ձգտումից հետո փոխվել են Սալտիկի եւ պաշտոնյաների հարաբերությունները, նույնիսկ Թուրքիայի մշակույթի նախարարությունը սկսել է «Քալան»-ի ձայնասկավառակներ նվիրել նախարարություն այցելող բարձրաստիճան հյուրերին, բայց դա չի խանգարում, որ անուղղակի հետապնդումները շարունակվեն:
Այսօր «Քալան»-ը մի քանի միլիոն դոլարի տարեկան եկամուտ ունեցող ընկերություն է, որի թողարկած 400-ից ավելի ալբոմներում նախկինում էլ են եղել հայկական երգեր: «Քալան»-ն է թողարկել Խաչատուր Ավետիսյանի «Ողբերգ» օրատորիան, Դերսիմի երգերի «Փեթակ» ալբոմը, որում Կոմիտասի սաներից Միհրան Թումաճանի հավաքած ժողովրդական երգերն են: Կոմիտասի չհրատարակված գործերի վերամշակմամբ «Քալան»-ը կյանքի է կոչել նաեւ «Երգարան» ալբոմը, ծրագրեր ունի մշակելու Հայաստանի հանրային ռադիոյի քրդական բաժնի երաժշտական արխիվը:
Հասան Սալտիկը ընկերությունը կոչել է իր ծննդավայր Թունջելիի նախկին անվամբ. բազում հայ բարեկամներ ունեցող ակտիվիստը շատ լավ տեղյակ էր, որ Քալանն ավելի վաղ հայկական անուն էր կրում՝ Մամիկի, եւ իր ողջ կյանքը նվիրել էր նույն տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջեւ երկխոսությանը երաժշտության միջոցով:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։