Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Աշխաբադում Անվտանգության պետական խորհրդի նիստում երկրի ուժային կառույցներին հրահանգել է ուժեղացնել հսկողությունը համացանցի նկատմամբ՝ երկրի տարածքում զանգվածային անկարգությունները բացառելու համար։ Խորհրդակցության ամբողջական տեսագրությունը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսության եթերում։
Թուրքմենստանի նախագահը մի քանի ժամ շարունակված խորհրդակցության ժամանակ դժգոհել է Ազգային անվտանգության նախարարության աշխատանքից՝ պնդելով, թե 2021-ին կառույցի տեղեկատվական եւ վերլուծական աշխատանքի որակն ընկել է։
Աշխարհի ամենափակ եւ ավտորիտար պետություններից մեկը համարվող Թուրքմենստանում համացանցը հաճախ ամիսներով պարզապես անջատվում է։ Այստեղ արգելափակված են Facebook-ը, Twitter-ը, Youtube-ը, TikTok-ը եւ մյուս բոլոր սոցիալական ցանցերն ու աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող կայքերը։