Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով:
«Կողմերին հորդորում ենք զերծ մնալ ուժային եղանակներից եւ բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծել է Մարիա Զախարովան։
Ըստ նրա` տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման «հիմնական դեղատոմսը» հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումն է՝ հետագայում սահմանագծմամբ:
Ռուս խաղաղապահները նպաստում են ճգնաժամի կարգավորմանը
Մեկնաբանելով պաշտոնական Բաքվի կողմից հնչող վերջին հայտարարությունները, Մարիա Զախարովան այն համոզմունքն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի: Դիվանագետը նշել է, որ ռուս խաղաղապահների աշխատանքը հստակ է` նրանք ճգնաժամի կարգավորմանն են նպաստում։
Ինչ վերաբերում է խաղաղ բնակչության ուղղությամբ ԼՂ–ում հնչող կրակոցներին, Զախարովան նշել է, որ ավելի լավ կլինի այդ հարցով դիմել տեղում իրենց առաքելությունն իրականացնող խաղաղապահներին, որոնք կապի մեջ են երկու կողմի հետ։
«Անհրաժեշտության դեպքում նրանք հետաքննում են դեպքերը»,–ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: