Տասնհինգ երեխա, որոնցից տասն աղջիկ են, հինգը՝ տղա. Մելքոնյան ամուսինները երբեք չեն սահմանափակել իրենց ծնվելիք երեխաների քանակը եւ նրանց սեռերի միջեւ էլ խտրականություն չեն դրել:
Նրանց համար երբեք կարեւոր չի եղել՝ երեխան աղջիկ կլինի, թե տղա, որովհետեւ բոլորին էլ Աստծո պարգեւ են համարել: Նրանց ընտանիքում տղաներն ու աղջիկները հավասար իրավունքներ ունեն:
«Չեմ երազել տղա ունենալու մասին, ուշադրություն չենք դարձրել սեռին, կարեւոր էին երեխայի ծնունդն ու առողջությունը: Յուրաքանչյուր փոքրիկի ծնունդ մեզ համար մեծ տոն է: Յուրաքանչյուր ծնունդ Աստծո կամքն է, Աստծո պարգեւը»,- ասում է 15 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը:
Սեռով պայմանավորված աբորտների պատճառը մեծ մասամբ ազգային մտածելակերպում արմատացած՝ տղա երեխա ունենալու մտասեւեռումն է, որը պայմանավորված է տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ժառանգ ունենալու ձգտումով եւ այլն:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում:
Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115:
2019 եւ 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 է:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ծննդատան վարիչ Արսեն Սարգսյանն իր փորձով համոզված է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը կտրուկ նվազել են:
«Առաջ ավելի շատ էին դիմում նման դեպքերի համար, իսկ հիմա ամիսը 1-2 դեպք է լինում: Ժողովրդի գիտակցությամբ է դա պայմանավորված, ավելի ճիշտ են սկսել մտածել: Ես ցանկացած դեպքում, երբ կինը ցանկանում է դիմել աբորտի, փորձում եմ համոզել, որ նման բան չարվի, զգուշացնում եմ հնարավոր հետեւանքների մասին եւ այլն: Աբորտի դիմելու համար հատուկ դիմում է լրացվում, որը երեք օր ժամկետ է նախատեսում: Իսկ եթե հղիության արհեստական ընդհատումն օրենքով առհասարակ արգելվի, ապա կրիմինալ աբորտները կշատանան ու հետեւաբար մայրական մահերը նույնպես»,- բացատրում է բժիշկը:
Մենք խոսեցինք նաեւ չորս անգամ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դիմած 35-ամյա կնոջ հետ, որը խնդրեց իր անունը չնշել. նա պատմեց, որ երկու դուստրերից հետո ամուսնու ցանկությամբ որոշել է զավակ ունենալ: Նրա կարծիքով՝ հայաստանյան հասարակությունը բնույթով հայրիշխանական է եւ տղա երեխաներին գերադասում է աղջիկներից:
Դրա հետեւանքով այժմ երիտասարդ կինն առհասարակ զրկված է կրկին մայրանալու բերկրանքից եւ հորդորում է բոլոր կանանց չկրկնել նույն սխալը: Տղա ունենալու համար նա բավականին մեծ գումարներ էր ծախսել, անգամ գուշակների եւ աստղաբանների ծառայություններից էր օգտվել:
Բայց այժմ որոշակի դրական փոփոխություններ են նկատվում անգամ այդ ոլորտներում: Աստղաբան Էլյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ հղիությունից հետո սեռը պարզելու նպատակով ինքը ոչ մի հաշվարկ չի անում՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներից խուսափելու համար:
Իսկ աստղաբան Աննէ Հախվերդյանը մեզ հետ զրույցում ասում է, որ վերջին շրջանում բավականին քիչ են իրեն դիմում երեխայի սեռն իմանալու հարցով։
Սեռերի անհամամասնությունը կարող է բերել մի շարք այլ հիմնախնդիրների` ժողովրդագրական, տնտեսական, հասարակական, բարոյահոգեբանական:
Ուսումնասիրելով 200 երկրների 1970-2017 թվականնների ծնելիության վիճակագրությունը՝ ամերիկացի եւ սինգապուրցի գիտնականները հայտնաբերել են մի շարք անոմալիաներ, երբ այս կամ այն ժամանակահատվածում նորածինների սեռերի հարաբերակցությունը սկսել է կտրուկ եւ անհամաչափ փոխվել: Օրինակ՝ Չինաստանում 2005 թվականին հարաբերակցությունը եղել է 100 աղջիկ/118 տղա: Սակայն բոլոր այդ երկրներում էլ այժմ ինչ-որ առումով դրական աճ է նկատվում։