Հունվարի 11-ին, համարյա միաժամանակ, լրահոսում հայտնվեց երկու հաղորդագրություն։ Առաջինը տարածել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը. «Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։ Ժամեր անց միայն կպարզվի, որ սահմանին կռիվ է եղել, հայկական կողմից զոհվել են 19-20 տարեկան տղերք, կան նաեւ վիրավորներ։
Երկրորդ հաղորդագրությունը համարյա նույն ժամին զետեղվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է հետեւյալը. «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, եւ մենք շատ կարեւորում ենք այս համակարգի ներդրումը»։
Այս երկու տեղեկությունների համարյա միաժամանակ հայտնվելը ներկա իշխանությունների առաջնահերթությունների ցուցիչ է: Նրանց տրամաբանությամբ՝ ի՞նչ է պատահել, որ. սահման է, էլի, կրակոցներ էլ կլինեն… Հա դե, դժգույն սարեր են, մի դիրք էս կողմ, մի դիրք էն կողմ։ Դե, կռվում հո փլավ չե՞ն բաժանում, զոհեր էլ կլինեն։ ՀԱՊԿ դիմե՞նք, ինչի՞ համար, հո ներքին ահաբեկիչների խռովություն չի՞, որ ՀԱՊԿ խաղաղարարները մեծ դեմոկրատներ Պուտինի ու Լուկաշենկոյի գլխավորությամբ օգնության հասնեն։ Ընդամենը փոքրիկ կոնֆլիկտ է եղբայրական Ադրբեջանի հետ։ Դե, ո՞վ չգիտի, որ ախպերները միշտ էլ կոնֆլիկտ ունենում են, բայց հետո, մեծանալով, հարթում են չէ՞, դա…
Իսկ այ, հավաքարարի եկամուտների հայտարարագրումը խիստ կարեւոր քայլ է կոռուպցիայի դեմ պայքարում։ Բա ի՞նչ, հենց տեսնենք, որ այդ սրիկա հավաքարարը, մատուցողը կամ փողոց ավլողը 70 հազար դրամ աշխատավարձ է ստանում, բայց ապրում է 80 հազարին համարժեք, անմիջապես կհասկանանք, որ էստեղ կոռուպցիա կա, որտեղի՞ց, ձեզ եմ հարցնում, որտեղի՞ց այդ հղփացած հավաքարարին լրացուցիչ 10 հազար դրամը։ Դատի տալ եկամուտները թաքցնելու եւ պետբյուջե լրացուցիչ հարկ չմուծելու համար։
Այ, սա է կոռուպցիան։ Թե չէ ընկել ու կոռուպցիա եք ման գալիս մեր սիրելի առաջնորդների եղբայրների շահած մրցույթներում կամ էլ հովանավորչություն եք փնտրում, երբ Արարատի մարզպետին այդ պաշտոնում փոխարինում է իր իսկ որդին։ Իսկ ի՞նչ է, եթե մարդը գիտելիք ունի, կառավարելու հմտություններ, չդառնա մարզպետ, ինչ է թե նախկին մարզպետը հա՞յրն է եղել։ Ամոթ ձեզ։ Չուզողություն եք անում։
Իսկ հովանավորչության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին առաջին քայլը, իհարկե, արդեն իսկ վերը նշվածն է՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումը։ Թող փորձի մեկը (եթե, իհարկե, կարկառուն ՔՊ-ական չէ) իր եկամուտներից 1 դրամ ավելի ծախս անի, պստիկ Բադասիկի տեսուչները «տուտ ժե» կկտրեն այդ սրիկա կոռուպցիոների ձեռքը։
Լրջանանք։ Ո՛չ հունվարի 11-ին, ո՛չ էլ հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց սահմանային մարտերի առիթով, ոչ էլ ցավակցություն հայտնեց։
Մեկ էլ հաղորդագրություն եղավ, որ հունվարի 12-ին զրուցել է ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Կարծում եք սահմանային վերջին միջադեպի՞ն են անդրադարձել։ ՀԱՊԿ մեխանիզմները գործի դնելո՞ւն։ Շատ լավ կարծիքի եք «ժողովրդի մանդատը ստացածի» մասին։
Քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությանը»։ Դե, իհարկե, Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությունն ավելի կարեւոր է, քան մեր սահմանն ու սահմանին զոհված տղերքը։
Հ. Գ. Սպասում էիք, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը գոնե կառավարության հունվարի 13-ի նիստո՞ւմ կանդրադառնա սահմանային մարտերին։ Անդրադարձավ։ Հընթացս՝ արոտավայրերի եւ այլ հարցերի թվում, իմիջիայլոց ասաց. «Մենք, ցավոք, շարունակում ենք միջադեպեր եւ զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք եւ կառավարության ծրագրում արտահայտված է: Ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նաեւ մյուս կողմից ասել եմ, որ մեր երկրի եւ տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետեւ շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ: Մենք հետեւողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով…»։
Ահա այն ամենը, ինչ պիտի իմանալ մի մարդու մտածելակերպի մասին, որը նվաստացումը համարում է «ամուր նյարդեր», խաղաղություն պահելը՝ խաղաղություն մուրալ։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։