ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
Կառուցողական մթնոլորտում տեղի ունեցած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, արձագանքելով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին բանակցությունները, նշել է, որ դրանք ընթացել են դրական մթնոլորտում: