Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: Ըստ էության, որեւէ տեղեկություն չկա, թե ինչից են խոսել նրանք: Բայց պայմանավորվել են շարունակել հանդիպումները:
Շատ կարեւոր է, որ այս հանդիպումն ընթանում է Ռուսաստանի «հովանու» ներքո, սակայն ակնհայտ է, որ վերջնական կարգավորման մեջ Ռուսաստանն անելիք չունի: Այսինքն՝ կարգավորված հարաբերություններում, բնականաբար, հարց է ծագելու, թե հայ-թուրքական սահմանին ինչ գործ ունեն ռուս սահմանապահները: Այդ իմաստով հայ թուրքական երկխոսությունը դեռեւս կիսաերկխոսություն է, որտեղ ռուսական ականջը լսում է, բայց չի միջամտում:
Հայ-թուրքական երկխոսությունը հնարավոր դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ թուրքերն այլեւս Ադրբեջանին վերաբերող որեւէ պահանջ չունեն Հայաստանից: Այդ երկխոսությանը նպաստեց նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում «Ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, որն ազդակ էր թուրքերին, թե պետք է սկսել երկխոսել, քանի դեռ ԱՄՆ-ն ավելի կոնկրետ գործողությունների չի անցել:
Ըստ էության, ի՞նչ ունեն երկխոսելու Հայաստանն ու Թուրքիան: Երկխոսության «կոդային» ձեւակերպումը «առանց նախապայմանների» արտահայտության մեջ է: Ինչո՞ւ: Մինչեւ պատերազմը երկխոսության ցանկացած փորձ բախվում էր նախապայմաններին: 44-օրյա պատերազմը արանքից հանեց դրանք:
Ցեղասպանությունը նույնպես կդառնա երկխոսության թեմա, բայց ոչ երբեք նախապայման՝ «դրան չենք անդրադառնում»: Թուրքերն, իհարկե, «երկխոսել» գիտեն: Նրանք գիտեն «կարեւորել» զրուցակցին, նույնիսկ կարող են սկսել մեծարումից: Հայաստանի համար այս երկխոսությունը բոլորովին նոր իրողություն է: Ե՛վ հայերին, ե՛ւ թուրքերին երկխոսությունը պետք է անցյալում ունեցած կնճիռների հետեւանքները վերացնելու համար՝ սահմանների բացում, դիվանագիտական հարաբերություններ: Բացառված չէ, որ հեռանկարում այդ հարաբերություններում ուրվագծվի նույնիսկ ռազմաքաղաքական շփումը:
Իհարկե, դեռ չափազանց երկար ճանապարհ կա անցնելու հարաբերությունների կարգավորման համար, հնարավոր է՝ որոշ խնդիրներ այդպես էլ չհարթվեն:
Թուրքերն, իհարկե, Ադրբեջանին չեն մոռանա, նրանք կխոսեն նաեւ Ադրբեջանի փոխարեն: Այսինքն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների անհարթություններում մեզ կբացատրեն այն կարեւոր դրույթները, որոնք չպետք է մտահոգեն Ադրբեջանին: Եվ այդ բացատրությունը նրանք կմտցնեն հայ-թուրքական հարաբերությունների «սոուսի» մեջ: Հայ-թուրքական երկխոսության ամենակարեւոր «էֆեկտը» մնում է այն, որ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական «ֆակտոր»:
Սակայն այս ամենում ամենակարեւորը մնում է ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանի կեցվածքը: Այստեղ շատ բան մեզնից կախված չէ, ու նաեւ այս պատճառով է ռուսների համար էական, որ երկխոսությունն ընթանա Մոսկվայում: Նրանք պետք է մանրամասն տիրապետեն հայ-թուրքական պայմանավորվածություններին, որպեսզի իմանան իրենց անելիքը:
Գուցե ինչ-որ պահից թուրքերը խնդիր դնեն փոխելու երկխոսության վայրը: Այդ պահից կսկսվի հայ-թուրքական մի երկխոսություն, որն ինքն իրենով արդեն քաղաքական գործողություն է:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: