Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրվակ է փնտրում Ուկրաինա ներխուժելու համար: Միեւնույն ժամանակ, ըստ գործակալության, խոսնակը որեւէ ապացույց չի ներկայացրել։
Քիրբին նշել է, որ իրենց տեղեկության համաձայն` Ռուսաստանն արդեն ակտիվորեն աշխատում է Ուկրաինա հավանական ներխուժման համար պատրվակ ստեղծելու ուղղությամբ։
Պենտագոնի խոսնակը հավելել է, որ ԱՄՆ տեղեկություններով ՌԴ-ն օպերատիվ խումբ է պատրաստել` ուրիշ դրոշի տակ գործողություն իրականացնելու համար: Իսկ գործողությունը, ըստ ԱՄՆ պաշտոնյայի, պետք է նման լինի Ուկրաինայում իրենց կամ այլ ռուսալեզու մարդկանց վրա հարձակման` որպես ներխուժման հիմնավորում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կիեւը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի կեսը։ Մոսկվան մտահոգություն էր հայտնել ՆԱՏՕ-ի երկրներից ռուսական սահմանների մոտ ռազմական տեխնիկա տեղափոխելու եւ Դոնբասում արեւմտյան հրահանգիչների թվի ավելացման կապակցությամբ։
Թարմացում
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այս շաբաթ տեղի ունեցած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո զրուցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսություն ծավալելու: