Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում բարձրացել է խմելու ջրի սակագինը: Այսուհետ քաղաքացիներս 1 խորանարդ մետրի դիմաց ստիպված ենք վճարել 200 դրամ՝ նախկին 180-ի փոխարեն:
Խմելու ջրի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո շատերը սկսեցին հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռ 2018 թվականի նոյեմբերին արած հավաստիացումը, թե մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանա:
««Վեոլիա ջուր» ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված նախկին պայմանագրով դեկտեմբերին խմելու ջուրը պետք է թանկանար 11 դրամով։ Եվ մենք` կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ եւ պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»,- այն ժամանակ Ալավերդիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հավաստիացրել էր Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունից երեք տարի անց, սակայն, Հայաստանում խմելու ջուրը թանկացավ, ընդ որում՝ արդեն միանգամից 20 դրամով:
Տարեվերջյան ասուլիսում Փաշինյանը մեկնաբանեց կատարվածի եւ նախկինում արած հայտարարությունների անհամապատասխանությունը՝ պնդելով, որ կարող էին մինչեւ 2024 թվականը չբարձրացնել ջրի սակագինը, բայց դրանից հետո ստիպված էին լինելու կրկնակի թանկացումների գնալ:
«Մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք եւ որոշակի բացեր ենք արձանագրել գործող իրավապայմանագրային համակարգում եւ արձանագրել ենք: Այո՛, մենք կարող ենք պահել, որ մինչեւ 2024-ը ջրի գինը չբարձրանա, բայց 2024-ին այնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա»,- ասել էր նա՝ հավելելով, որ այս թանկացումը չի վերաբերի սոցիալապես անապահով բնակիչներին:
Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ին տված խոստումները չիրականացան: Դեռ ավելին՝ նրա տարեվերջյան խոսքերից կարելի է ենթադրել, որ այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը «լուրջ վերլուծության» արդյունքում չի եղել, եւ միայն վերջերս են իրավիճակը «շատ լուրջ վերլուծել»:
Ի դեպ, Հայաստանում միայն խմելու ջուրը չէ, որ թանկանում է: Արդեն փետրվարից քաղաքացիները ստիպված կլինեն ավել վճարել նաեւ էլեկտրաէներգիայի համար: Ամսական մինչեւ 200 կՎա/ժ սպառում ունեցող բնակիչների համար էլեկտրաէներգիայի սակագինը կավելանա 1.5 դրամով: Իսկ 201-400 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչ բաժանորդների համար կավելանա 3.5 դրամով: Մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամով: Նշենք, որ բնակիչների համար այժմ գործում է ցերեկային 45, գիշերային 35 դրամ սակագինը։
Թե այս ամենն իր հերթին ինչ հետեւանքներ կունենա, թանկացումների շղթայական ինչ նոր ռեակցիա կարող է առաջացնել, կարելի է միայն եզրակացնել: Համենայն դեպս, կատարվածն անհետեւանք չի անցնի:
Ու վերջապես մեկ փաստ էլ. «Գազպրոմ Արմենիան» օրերս դիմել է ՀԾԿՀ` Հայաստանում բնական գազի սակագները ապրիլի 1-ից միջինը 6 տոկոսով բարձրացնելու համար: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սպառողների համար միասնական սակագին սահմանել՝ մեկ խորանարդ մետրը՝ 135.6 դրամ: Այժմ սպառողները 139 դրամ են վճարում, անապահովները՝ 100 դրամ: Եվ եթե «Գազպրոմի» առաջարկն ընդունվի, անապահով ընտանիքները ստիպված կլինեն շուրջ 36 դրամ ավել վճարել մեկ մետր խորանարդի դիմաց:
Կառավարությունից դեռ արձագանք չկա։ Եթե անգամ որոշվի սուբսիդավորում տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին, կստացվի՝ միեւնույնն է, այդ գումարը վճարելու են հարկատուները, պարզապես ոչ թե անմիջապես, այլ իրենց վճարած հարկերով:
2022 թվականը դեռ նոր է սկսվել, բայց արդեն երեւում են տնտեսական դժվարությունների ծիլերը: Ակնհայտ է՝ տնտեսապես այս տարին չափազանց բարդ է լինելու, որքան էլ էկոնոմիկայի նախարարը, հրճված մայրաքաղաքի խցանումներով, այդ ամենից եզրակացնի, թե երկրում տնտեսական աշխուժություն է:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: