Ըստ CNN հեռուստաալիքի՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները, որոնք ներառում են նաեւ սահմանափակող միջոցներ Ռուսաստանի ղեկավարության անդամների նկատմամբ, կարող են հանգեցնել երկրների միջեւ հարաբերությունների խզմանը:
«Նման կարգի հնարավոր պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջեւ հարաբերությունների դադարեցմանը, ինչը չի բխում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից»,- ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը մեծ սխալ կգործի,եթե նոր սահմանափակող միջոցների սահմանի: Նա պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներին հարց է ուղղել՝ արդյոք նրանք կարո՞ղ են հիշել թեկուզ մի օրինակ, երբ պատժամիջոցներն օգնել են լուծել իրենց խնդիրը։
Իշխող Դեմոկրատական կուսակցությունից սենատորների՝ հունվարի սկզբին ներկայացրած օրինագծով առաջարկվել է Ուկրաինայի շուրջ իրադրության սրման դեպքում ցավոտ պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության առանցքային ճյուղերի, պետական պարտքի ու պետության առաջին դեմքերի, որոնց թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Կիբեռգրոհների համար մեղադրել է Մոսկվային
Պեսկովը միաժամանակ հերքել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքները՝ կապված ուկրաինական պետական մարմինների կայքերի վրա վերջերս իրականացված կիբեռգրոհների հետ: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի դրանց հետ։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության պնդմամբ երկրի պետական մարմինների պաշտոնական կայքերի վրա վերջերս կատարված կիբեռգրոհներում ՌԴ-ի մատը խառն է:
Ուկրաինայի անվտանգության խորհուրդը եւ երկրի ազգային ոստիկանությունն ավելի վաղ քրեական գործ են հարուցել պետական մարմինների կայքերի վրա կիբեռգրոհների փաստով եւ հետաքննություն են անցկացնում: Երկրի իրավապահ գերատեսչություններում ՌԴ-ի մասնակցության փաստը չեն բացառել։
«Այսօրվա դրությամբ բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ կիբեռգրոհի հետեւում Ռուսաստանն է»,- ասված է Թվային փոխակերպման նախարարության հաղորդագրության մեջ: նախարարությունը Նախարարությունն ուկրաինացիներին կոչ է արել խուճապի չմատնվելու՝ ընդգծելով, որ բոլոր անձնական տվյալները պահվում են պետռեեստրներում հուսալի պաշտպանության տակ:
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվային հայտնի են կիբեռգրոհների մասին Ուկրաինայի հայտարարությունները, սակայն դա հերթական մերկապարանոց մեղադրանքն է ՌԴ-ի հասցեին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, թե ՌԴ-ում արդեն սովոր են նրան, որ ուկրաինացիները Ռուսաստանին մեղադրում են ամեն ինչի, նույնիսկ՝ իրենց երկրում վատ եղանակի համար: