Գյումրու Իսահակյան 9 շենքը լրատվադաշտում ամենահաճախ հնչող հասցեներից է․ պատճառն այն է, որ հսկայական բազմաբնակարան շենքը տասնամյակներ շարունակ հանրապետության երկրորդ քաղաքի ամենավթարային՝ չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի առաջին քառյակում է։
Ձմռան գալուստը շենքի բնակիչների համար հերթական փորձություն է։ Եթե ձմեռը սաստիկ է, վթարայինի բնակիչների մեծամասնությունը առաջնորդվում է բնության՝ կենդանի մնալու օրենքով։ Բնակիչները կատակում են՝ թռչունների նման մի քանի ամսով լքում ենք բույնը։
Մեր այցի ժամանակ Կիրակոսյանների բազմանդամ ընտանիքի բնակարանի դուռը փակ էր, սակայն րոպեներ անց վազքով շենք հասավ վատառողջ տիկին Քնարիկը, իմացել էր՝ մարդ է եկել շենքը նկարելու։ Արագ բացեց խարխուլ բնակարանի դուռն ու ներս հրավիրեց։ Պատմեց, որ այս տարվա սաստիկ ձմռան պատճառով ստիպված փակել են դուռն ու վարձով ապրում են հարեւան շենքի փոքր մի բնակարանում, մինչեւ ցրտերը մեղմանան՝ հետ գան։
Վրդովված տիկինը ցույց է տալիս բնակարանի անմխիթար վիճակը, նեղվում է՝ առողջություն ու մի ողջ կյանք քայքայեց անմարդկային պայմաններում գոյատեւելով։ Ինչ հիշում է, խոստումներ է լսել, որ ուր որ է շենքը կամրացվի, ու իրենք էլ կապրեն նորմալ պայմաններում։
Խանչարյանների ընտանիքը նույնպես սաստիկ ձմռան պատճառով կողպել է սեփական տան դուռը։ Երիտասարդ ամուսիններ Գրիգորը եւ Արմինեն գումար էին տնտեսել, տունը վերանորոգելու փորձ արել։
Մինչ առաստաղի նոր գույն ու ձեւից կուրախանային, առաջին ձյունը ջուր դարձավ, լցվեց Խանչարյանների բնակարանը, սրբեց տարավ ե՛ւ տնտեսած գումարը, ե՛ւ բարեկարգ բնակարանում ապրելու վերջին հույսը։ Ամուսինները ստիպված վերցրին երեխաներին եւ առաջին անհրաժեշտության իրերը ու տեղափոխվեցին բարեկամի տուն՝ ձմեռելու, մինչեւ մի լույս բացվի։
Մեր այցի ժամանակ Արմինեն եկել էր տուն, որ տեսներ՝ ձյան առատ տեղումներն ու սառնամանիքն այս անգամ ինչ ‹‹անակնկալ›› էին պատրաստել իրենց համար։
Գեղեցիկ Խաչատրյանը 84 տարի շարունակ երբեք ու ոչ մի պատճառով չի փոխել հասցեն։ Ծնվել է Իսահակյան 9-ում, ամուսնացել նույն շենքում։ Վեց երեխա է ունեցել։ Այժմ հարսներով, հարսների հարսներով ապրում են վթարային շենքում։
«Մեծ տղաս՝ Միայնակ Գայլս, 1991 թվականին կյանքը Արցախյան գոյամարտին նվիրեց։ Հուշարձանը շենքի դիմացն է, ամեն րոպե մեզ հետ է, ես այստեղից ոչ մի տեղ գնացողը չեմ»,- ասում է Գեղեցիկ տատն ու պատմում, որ երկու տարի առաջ եկել, բնակարանի գնման վկայագիր են առաջարկել։
Բնակիչները չեն համաձայնել լքել բնակարանները։ Ասում են՝ պատերն ամուր են, տասնամյակներ շարունակ դիմանում են, ցանկություն լինի՝ կվերականգնեն․ «Աշխարհն առաջ է գնացել, ծովերում կղզի են սարքում, տիեզերք են նվաճում, մի շենք ամրացնելն ի՜նչ անհնարին բան է։ Ինչպես է լինում, որ երբ իրենց է պետք, փող կա, երբ մեզ, բյուջեն դատարկվում է»,- ասում են բնակիչները։
Համազարյան Վլադիմիրը բժիշկ է, վթարային շենքի հինգ տասնյակից ավելի բնակարանատերերից մեկը։ Նա նույնպես դեմ է բնակարանի գնման վկայագրին, ասում է՝ ամուր շենքն ինչո՞ւ քանդեն։ «10000 ամերիկյան դոլար են առաջարկում, դրանով մեկ սենյակ էլ չես կարող գնել։ 30 տարուց ավելի է ստերի շարանի մրցավազք է վերին օղակներում, խոստումներ, խոստումներ․․․ Էլ ոչ մի բանի չենք հավատում, վիճակներս գնալով ավելի է վատանում։ Գոնե տանիքն ու կոյուղին վերականգնեն, մենք մեր տունը կնորոգենք, մենակ իմանանք, որ նորոգումը օրեր անց չի փչանա, աշխատանքն ապարդյուն չի լինի»,- ասում է բժիշկը։
2020 թվականին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Շիրակի մարզպետարանի խիստ վթարային 3 բնակելի շենքերի, այդ թվում Իսահակյան 9-ի բնակիչների բնակարանային խնդրի լուծման առաջարկին դրական արձագանք էր տվել, նախատեսվում էր հատկացնել բնակարանի գնման վկայագրեր։ Մինչ բնակիչները մերժում էին վկայագրերի ծրագիրը՝ պահանջելով շենքի ամրացում, համավարակի ու պատերազմի պատճառով նախաձեռնությունը ձախողվեց։
Ըստ Շիրակի մարզպետարանի՝ կառավարության այս տարվա ծրագրում անօթեւանության հարցը եւս մեկ անգամ ամրագրված է, եւ դա կառավարության առաջնահերթություններից է։ Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ պայմանավորվածություն ունեն քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատարի հետ․ առաջիկայում քննարկելու են Շիրակի մարզում անօթեւանների՝ լուծում չստացած հարցերը։
Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի տեղեկացմամբ էլ 2022 թվականի կառավարության ծրագրով ամրագրված է, որ 2021 թվականի դրությամբ քանդման ենթակա շենքերի ծրագիրն այժմ գույքագրման եւ իրավական ակտերի մշակման փուլում է, ծրագրի մեկնարկը կլինի 2024 թվականից։
2026 թվականին վթարային շենքերի գոնե 70 տոկոսը քանդված պետք է լինի։
Հիշեցնենք՝ Շիրակի մարզում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով կա 114 վթարային շենք, որից 13-ը՝ չորրորդ կարգի վթարայնության։ Վթարայիններից 92-ը Գյումրիում է, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։ Անմարդկային այս պայմաններում Շիրակի մարզում դեռեւս ապրում է 2221 ընտանիք՝ հուսալով, որ գոնե բնությունը խղճա իրենց՝ ձմեռը սաստիկ չլինի։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։