Ըստ իրաքյան INA գործակալության՝ Սիրիան եւ Իրաքը մտադիր են միավորել երկաթուղիները: Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր Հուսեյն Ալ Շիբլինը հարցը քննարկել է Իրաքում Սիրիայի դեսպան Սաթամ Ջադաանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկաթուղային հաղորդակցության կարգավորման հարցերը, տարանցման խնդիրն ու երկու երկրների միջեւ նավագնացության զարգացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ Բաղդադի եւ Դամասկոսի միջեւ օդային հաղորդակցության բացման, տարանցման եւ երկու կողմերի միջեւ ծովային հավաստագրի ճանաչման ու նավագնացության զարգացման հարցեր:
Իրանն ու Իրաքն ավելի վաղ համաձայնագիր են ստորագրել մոտ 30 կմ երկարությամբ երկաթուղու կառուցման մասին: Ըստ համաձայնագրի՝ երկաթուղին կմիացնի Իրանի սահմանամերձ Շալամչե քաղաքն ու Իրաքի գլխավոր նավահանգիստ Բասրան:
Նոր գծի շնորհիվ կվերանա արեւելք-արեւմուտք ուղղությամբ երկաթուղային միջանցքների միջեւ խզումը՝ Իրաքին ապահովելով ելք դեպի Աֆղանստան, Պակիստան եւ Հնդկաստան: Երկաթուղին Իրանը կկապի Սիրիայի եւ Միջերկրածովյան երկրների հետ։