Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում հետազոտված եւս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» մանրէահիմք։
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ կոչ է անում շարունակելու պահպանել հակահամաճարակային կանոնները եւ պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում հատկապես կարեւորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով»,– նշված է հաղորդագրությունում։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի եւ Հայ-ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով կամ կորոնավիրուսային հիվանդությամբ խնամյալներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից:
Կորոնավիրուս է հայտնաբերվել մինչեւ 18 տարեկան 16 հազար 396 երեխայի մոտ
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի համավարակի սկզբից մինչեւ 2021-ի հունվարի 11-ը կորոնավիրուս հայտնաբերվել է մինչեւ 18 տարեկան 16396 երեխայի մոտ։
2021-ի դեկտեմբերի 2-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 15 997 մարդ։ Այսպիսով՝ վերջին ամսվա ընթացքում աճը կազմել է 399 մարդ: 2020-ի մարտի 1-ից մինչեւ 2022-ի հունվարի 11-ը երկրում գրանցվել է մինչեւ 18 տարեկան 146 (+7՝ վերջին ամսվա ընթացքում) բուժառու՝ բազմահամակարգային բորբոքման համախտանիշով:
ՔՈՎԻԴ-19-ով կրկնակի վարակման 4906 դեպք
2020-ի մարտի 1-ից մինչեւ 2022-ի հունվարի 10-ը Հայաստանում գրանցվել է ՔՈՎԻԴ-19-ով կրկնակի վարակման 4906 դեպք (մեկ ամսում այդ ցուցանիշն աճել է 400-ով): Ամբողջովին պատվաստված քաղաքացիների ընդհանուր թվից (ավելի քան 740 հազար) ՔՈՎԻԴ-19 հայտնաբերվել է 7141 անձի կամ 0,96%-ի մոտ:
ՀՀ-ում պատվաստանյութ է ստացել 8653 օտարերկրյա քաղաքացի
Հունվարի 9-ի դրությամբ երկրում արվել է 1216 բուստերային (խթանիչ) պատվաստում։ Պատվաստանյութ է ստացել նաեւ 8653 օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ։
Մոտ ժամանակներս գերատեսչությունը նախատեսում է կորոնավիրուսի դեմ Pfizer-ի արտադրության պատվաստանյութ գնել։