Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես եւ ԱՄՆ-ը, Ուկրաինայի պատճառով էսկալացիայի սրացման դեպքում իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ է դիտարկում: Միեւնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ իր կարծիքով սցենարները, որոնց մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, պետք է 18-ից պակաս լինեն:
Նուլանդը «Financial Times» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում գործողությունների 18 տարբեր սցենարներ է մշակել։
«Մեզ մոտ հարցադրումը շատ կոռեկտ է, այստեղ ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, չպետք է բարդացնել։ Հարցը շատ ուղիղ եւ շատ կոնկրետ ձեւակերպված է»,- հավելել է Պեսկովը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ներկայացված ՌԴ անվտանգության երաշխիքների մասին պահանջները:
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի՝ Մոսկվան հույս ունի, որ այս շաբաթ ամերիկյան կողմին կհաջողվի «ինչ-որ բան գրավոր ձեւակերպել»:
Պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է հնարավոր ագրեսիվ գործողությունների վերաբերյալ իրեն ուղղված Արեւմուտքի եւ Ուկրաինայի մեղադրանքները: Կրեմլը քանիցս հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում եւ մտադիր չէ ոչ մեկի վրա հարձակվել: Իսկ սահմաններին իր զորքերի տեղաշարժը միայն Ռուսաստանի ներքին գործն է:
Ինչ վերաբերում է «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններին, ըստ ռուսական կողմի՝ դրանք ՌԴ սահմանների մոտ ավելի շատ ՆԱՏՕ-ական ռազմական տեխնիկա տեղակայելու պատրվակ են ծառայում։ ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել էին, որ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում Արեւմուտքի՝ Կիեւին տված հավաստիացումները ոչ միայն ծիծաղելի են, այլեւ վտանգավոր։