Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաթայ էքսպո 2021»-ի շրջանակում իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում ապաստանած սիրիացիների վերադարձի խնդրին։
Քըլըչդարօղլուն նշել է, որ Հաթայը (նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակը*) ոչ միայն Թուրքիայի, այլեւ համաշխարհային պատմության համար կարեւոր բնակավայր է։
Անդրադառնալով Հաթայում ապաստանած շուրջ 900 հազար սիրիացիների խնդրին՝ նա նշել է, որ Սիրիայում տեղի ունեցած ողբերգությունը ֆինանսական մեծ բեռ է դարձել Հաթայի համար:
«Ամենաուշը երկու տարվա ընթացքում մեր սիրիացի եղբայրներին եւ քույրերին դհոլ-զուռնայով ճանապարհելու ենք իրենց երկիր։ Խնդրելու ենք, որ ինքնակամ գնան իրենց երկիր։ Հաթայը կրկին վերադառնալու է իր նախկին փառավոր օրերին»,- եզրափակել է թուրք քաղաքական գործիչը:
*Ալեքսանդրետի սանջակ — Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումը, ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթը։ 11-14-րդ դարերում Ալեքսանդրետի սանջակի 5000 քառ. կմ տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Որպես Սիրիայի մի մասը՝ 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918-ին բռնազավթել են անգլիացիները, այնուհետեւ՝ ֆրանսիացիները։ Այստեղ՝ Մուսա լեռում, 1915-ի հուլիս-սեպտեմբերին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։
1920-ին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1937-ից, ձեւականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակն անցել է Ֆրանսիայի եւ Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938-ին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավար պետությունը։ 1939-ին միացվել է Թուրքիային, որից հետո տեղի 40000-անոց հայ բնակչությունը հեռացել եւ հաստատվել է Սիրիայում եւ Լիբանանում։ Հեռացել է նաեւ 20000 արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ բռնակցումը։