Ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվությունը զարգացրել է մինչեւ այն մակարդակը, որը գերազանցում է դաշինքի հզորությունը սառը պատերազմի ավարտվելու պահին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ եթե Վլադիմիր Պուտինի նպատակը եղել է ռուսական սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ներկայության նվազումը, ապա ճիշտ հակառակ արդյունք է ստացել: Ստոլտենբերգն ընդունել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ռեկորդային ընդլայնումը սկսվել է հենց 2014-ին Ղրիմի միացմամբ՝ Ռուսաստանի ախորժակը զսպելու նպատակով:
«Այժմ Եվրոպայում ավելի շատ ամերիկյան զինվոր կա, քան յոթ տարի առաջ: Իրականում մենք միասին այժմ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում ավելի շատ բան ենք անում, քան շատ տասնամյակների ընթացքում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: