Ըստ թուրքական NTV հեռուստաալիքի՝ Թուրքիայի դատարանը դարձյալ որոշել է կալանքի տակ թողնել իրավապաշտպան Օսման Կավալային: Իրավապաշտպանն ինքը չի մասնակցել Ստամբուլի 13-րդ Բարձրագույն քրեական դատարանի լսումներին:
Ավելի վաղ Ստամբուլի դատարանը պահպանել էր Թուրքիայի կառավարության տապալման փորձին մեղսակից լինելու մեղադրանքով 2016-ին ձերբակալված հայտնի իրավապաշտպան, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիր Օսման Կավալայի խափանման միջոցը: Կավալան մասնավորապես աջակցում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում՝ թուրք եւ հայ ազգերի հաշտեցումն ու քրդական հարցի խաղաղ լուծումը:
Թեեւ կառավարության տապալման փորձին մասնակից լինելու մեղադրանքով թուրքական դատարանն ավելի վաղ արդարացրել էր Կավալային, սակայն նույն օրը եւեթ Ստամբուլի դատախազությունը նրան կալանավորելու նոր հրաման էր տվել: Կավալային նոր մեղադրանքներ էին ներկայացվել, այս անգամ՝ Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե չորս տարի անազատության մեջ պահվող թուրք գործարար Օսման Կավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Էրդողանը դեռ 2021-ի հոկտեմբերին սպառնացել է արտաքսել Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին թուրք հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Կավալային աջակցող հայտարարության համար: