Ըստ ռուսական «REGNUM» գործակալության՝ ՌԴ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին առանց ծանուցման աշխատանքի ընդունած ռուսաստանյան գործատուները կենթարկվեն խոշոր տուգանքի։
«Ծանուցումներ ներկայացնելու վերաբերյալ պարտավորության չկատարելու դեպքում գործատուն վարչական պատասխանատվության կենթարկվի մինչեւ 1 միլիոն ռուբլու չափով տույժի կիրառմամբ»,– նշված է ՌԴ ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում։
Ռուսաստանի տարածքում նման կանոն է գործում՝ անկախ մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրացու կարգավիճակից: Նույն կանոնը կիրառվում է նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ-ում, հատկապես շինարարական ոլորտում ներգաղթյալներին ավելի հազվադեպ են սկսել աշխատանքի ընդունել։
Շինարարական ոլորտում օտարերկրացիների ծառայություններից հրաժարվելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել էր Մոսկվայի փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարյովը։
Մոսկվայի իշխանությունները հանձնարարել էին վերանորոգման ծրագրով նախատեսված շինհրապարակներում կրճատել ներգաղթյալների թիվը, փոխարենը աշխատանքներում ներգրավել մոտակա մարզերում ապրող ռուսաստանցիներին։ Բացի դրանից՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ Մոսկվայի կոմունալ ձեռնարկությունների մեծ մասում ներգաղթյալներ չկան։