2021-ի նոյեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 8,6%-ով՝ հասնելով 124,1 միլիարդ դոլարի։
Թուրքիայի Կենտրոնական բանկը հրապարակել է 2021-ի նոյեմբերի արտաքին պարտքի վիճակագրական տվյալները։
2021 թվականի նոյեմբերի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի արտաքին կարճաժամկետ պարտքի չափը նվազել է 6,7%-ով եւ կազմել 53,5 միլիարդ դոլար, իսկ մյուս հատվածների կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 25,4%-ով եւ կազմել 44,5 միլիարդ դոլար։
Բանկերի օգտագործած կարճաժամկետ վարկերը 2020-ի վերջի համեմատ նվազել են 7,5%-ով եւ կազմել 12,6 միլիարդ դոլար։ Ոչ ռեզիդենտների արտարժույթային ավանդները, առանց բանկերի, աճել են 0,2%-ով եւ կազմել 15,2 միլիարդ դոլար, իսկ ոչ ռեզիդենտ բանկերի ավանդներն աճել են 16,2%-ով եւ կազմել 15,4 միլիարդ դոլար։ Բացի դրանից՝ ոչ ռեզիդենտների՝ թուրքական լիրայով ավանդները նախորդ տարվա վերջի համեմատ նվազել են 32,5%-ով եւ կազմել 10,4 միլիարդ դոլար։
Այլ ոլորտների ներմուծման պարտքերը 2020-ի վերջի համեմատ աճել են 32,4%-ով եւ կազմել 39,4 միլիարդ դոլար։