Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հաստատմանը դեմ հանդես եկողների փաստարկներից մեկն էլ այն է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման դեպքում թուրքական «տնտեսական ներխուժումը» կդառնա իրականություն, այն է՝ թուրքական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, տեղական արտադրությունը կխեղդվի, թուրքերը կսկսեն նաեւ հողատարածքներ ու անշարժ գույք գնել, ի վերջո տեղի կունենա Հայաստանի «Աջարիա»-ցում:
Երբ պետությունը ճիշտ չի կատարում կամ չի կարողանում ժամանակին կատարել իր տնային աշխատանքը, ապա անմիջական հարեւան ու այլ պետություններ հնարավորություն են ստանում ոչ միայն տնտեսապես, այլեւ քաղաքական, ռազմական, մշակութային ներխուժում իրականացնելու:
Անշուշտ, Թուրքիայի հետ հարաբերվելու հարցում մեզ՝ հայերիս, միշտ խանգարում է պատմության գործոնը՝ Օսմանյան կայսրությունը ծրագրել եւ իրականացրել է Հայոց ցեղասպանություն ու Մեծ հայրենազրկում:
Ուշագրավ է սակայն, որ Հայաստանի Հանրապետության գոյության երկուսուկես տարիներին (1918-1920/21) մեր պետության հիմնադիր հայրերը Հայոց ցեղասպանությունից ընդամենը տարիներ անց դիվանագիտական-քաղաքական, առեւտրային-տնտեսական հարաբերություններ հաստատեցին Օսմանյան կայսերական կառավարության հետ:
Թուրքերը Երեւանում ունեին դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ Ալեքսանդրապոլում՝ հյուպատոսություն, Հայաստանը Պոլսում ուներ դեսպանություն, իսկ երբ քեմալականները զավթեցին Կարսը, արդեն Խորհրդային Հայաստանը 1921-ին այնտեղ ուներ դիվանագիտական ներկայացուցչություն:
Այդ տարիներին Հայաստանը, գուցե ստիպված, հավանաբար՝ ստիպված, ներմուծում էր ապրանքներ Օսմանյան կայսրությունից եւ Ադրբեջանից, որի հետ անդադար սահմանային բախումների ու պատերազմների մեջ էր: Այսպես՝ 1918-ի աշնանը Հայաստանի կառավարությունը իր ներկայացուցիչ Արտաշես Բաբալյանին գործուղեց Պոլիս, որտեղ ամիսներ գործում էր հայկական պատվիրակությունը արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ: Խատիսյանը եւ Ավետիս Ահարոնյանը ջարդարար Էնվերի ու Թալեաթի, օսմանյան մյուս ղեկավարների հետ հանդիպումներում առաջարկեցին, խնդրեցին ճնշումներ բանեցնել Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վերջինս Հայաստանի համար հացահատիկ ու նավթ բաց թողնի:
Խորհրդայնացումից եւ Անդրֆեդերացիայի կազմում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ԽՍՀՄ մաս դառնալուց հետո անգամ հայ-թուրքական տնտեսական-առեւտրային կապերը պահպանվեցին: Նախ, որովհետեւ Մոսկվան եւ Անկարան բարեկամ պետություններ էին, իսկ Հայաստանը Խորհրդային Միության մաս էր, երկրորդ՝ հայ-թուրքական սահմանը համեմատաբար թափանցիկ էր ու անցանելի: Հատկապես արեւմտահայերն ու Կարսի շրջանի նախկին բնակիչ հայերը անցնում էին Ախուրյան/Արաքսից այն կողմ, գնումներ կատարում, նույնն անում էին Թուրքիայի քաղաքացիները՝ այցելելով Խորհրդային Հայաստան:
1922 թվականի ապրիլին Խորհրդային Հայաստանի առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի հրամանագրով սահմանվեցին այն ապրանքները, որ թույլատրվում էր առանց մաքսի ներմուծել Թուրքիայից Հայաստան՝ անտառային նյութեր, անասուններ, աղ, անասնակեր՝ սեղմած խոտ, հատիկեղեն, կաթնամթերք:
Սառը պատերազմի տարիներին, երբ արդեն ԽՍՀՄ-ը եւ Թուրքիան հակառակորդներ էին, հայ-թուրքական սահմանի երկայնքով քաշվեց փշալար, որը մինչ այսօր պահպանվում է: Թուրքիայի կողմից չկան ո՛չ փշալար, ո՛չ սահմանապահ:
1990-ական թվականներից թուրքական ապրանքների ներհոսքը Հայաստան դարձավ անխուսափելի, թեեւ սահմանները մնացին փակ, երկու երկրների միջեւ չհաստատվեցին դիվանագիտական-տնտեսական հարաբերություններ: Ավելին՝ փակ սահմաններով անգամ Թուրքիան ավելի է ներկայացված հայկական շուկայում, քան մեր տարածաշրջանային մյուս հարեւանը՝ Իրանը: Հայաստանը մաս է կազմում ԵԱՏՄ-ի, սակայն փակ սահմաններով հայ-թուրքական առեւտուրը, որ գրեթե միակողմանի է, ավելի մեծ է, քան Բելառուսի եւ Ղազախստանի հետ Հայաստանի առեւտուրը միասին, երբ վերջիններս ԵԱՏՄ անդամ են:
Վերջին 27 տարիներին՝ 1995 թվականից ի վեր (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է 3 միլիարդ դոլարից ավելի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը 50 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ ավելի քան 60 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ապրանքը հասնում է հիմնականում Վրաստանի տարածքով:
Ամենից շատ Հայաստանից Թուրքիա արտահանում եղել է 1997 թվականին՝ ավելի քան 7 միլիոն դոլար, հակառակ ուղղությամբ՝ 2008-ին՝ ավելի քան 268 միլիոն դոլար: 2019 թվականին եւս Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է 268 միլիոն դոլար: Կտրուկ անկում նկատվել է 2021-ին: Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի հետ կռվում էր Հայաստանի դեմ: Հայկական կառավարությունը մեկ տարով արգելք դրեց թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա:
Այս արգելքը, որ արդեն վերացվել է եւ ուներ բարոյական նշանակություն, Թուրքիայի տնտեսության վրա որեւէ ազդեցություն չէր կարող թողնել, քանի որ թուրք-հայկական առեւտրային ու դիվանագիտական համագործակցության ամենածաղկուն շրջանում՝ 2008-ին, Հայաստանի տեսակարար կշիռը Թուրքիայի արտահանման մեջ չի կազմել անգամ 0,1 տոկոս:
2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում, Թուրքիայից Հայաստան է ներմուծվել գրեթե 600 անուն ապրանք: Նկատենք, որ չկա թուրքական ներմուծվող որեւէ ապրանք, որի տեսակարար կշիռը հայկական շուկայում լինի 5 տոկոս: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է յոլա գնալ նաեւ առանց թուրքական ապրանքների:
Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է ու անկասկած, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ շրջափակումը վերացնելու դեպքում հայկական շուկան կողողվի թուրքական ապրանքներով: Բայց ո՞րն է այլընտրանքը:
Հնչում է տեսակետ, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Թուրքիայի սահմանի հնարավոր բացմանը: Մեր անկախության հռչակումից անցել է ավելի քան 30 տարի, սակայն մենք դեռ պատրաստ չենք բաց սահմաներով ապրելու:
Հետաքրքիր է՝ իսկ երբեւիցե պատրաստ կլինե՞նք:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։