Սկսած 1908 թվականից՝ ամեն տարի հունվարի 18-25-ն ընկած ժամանակահատվածում քրիստոնեական աշխարհում անցկացվում է քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթ:
Քրիստոնեական օրացույցում այն էկումենիկ քրիստոնեական տոն է, որի ամսաթվերն ընտրվել են՝ հաշվի առնելով Սուրբ Պետրոս առաքյալի խոստովանության օրը (հունվարի 18) եւ Սուրբ Պողոսի դարձի օրը (հունվարի 25):
Գաղափարի հեղինակները (դեռեւս 19-րդ դարում) անգլիկան եկեղեցու երկու հոգեւորականներ էին, ավելի ուշ աղոթքին միացել է նաեւ կաթոլիկ եկեղեցին: Իսկ 1948 թվականից, երբ հիմնադրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթն անցկացվում է այդ խորհրդի հովանու ներքո, ամեն տարի՝ մեկ երկրում:
Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների թվի նվազման տագնապն ու լիբանանյան ճգնաժամը՝ այս տարի աղոթքի շաբաթն անցկացվում է Լիբանանում: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կայքը նշում է, որ միջազգային արարողության բացման պատիվն այս տարի տրվել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին: Աղոթքի շաբաթը բացվել է Լիբանանի Հայ Կաթողիկե Սուրբ Եղիա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ աթոռանիստ եկեղեցում: Ներկա են եղել Լիբանանի քրիստոնեական համայնքների պատրիարքները, Լիբանանում պապական նվիրակը, հայ առաքելական, բողոքական եւ այլ քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներն ու եպիսկոպոսները: Շաբաթը շարունակվելու է Լիբանանի մարոնիների եւ հույն ուղղափառ համայնքների եկեղեցիներում: Աղոթքի ութնօրյակին իրենց երկրներում միանալու են նաեւ աշխարհի բազմաթիվ եկեղեցիներ:
Այս տարի որպես ութնօրյակի բնաբան ընտրվել է Մատթեոս ավետարանչի «…Մենք նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու» խոսքերը:
Տեղեկացանք նաեւ, որ միասնության աղոթքից մեկ օր առաջ արդեն 33 տարի է՝ Հռոմում տեղի է ունենում հրեա եւ քրիստոնյա հոգեւոր ղեկավարների միջեւ երկխոսության հանդիպում։ Հանդիպումը փակ է լինում. այն այս տարի անցկացվել է Հռոմի Հրեական թանգարանում, որը Հռոմի Հրեաների ավագ տաճարում է:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։