Չինաստանը չեղյալ է հայտարարել Պեկինում կայանալիք 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը։ Սրա մասին հայտնել են կազմակերպիչները՝ նշելով, որ փոխարենը հանդիսատեսների ընտրված խումբ կհրավիրվի՝ ներկա լինելու խաղերին, եւ նրանցից կպահանջվի հետեւել ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման խիստ կանոններին։
Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2022-ի փետրվարի 4-20-ը:
Ավելի վաղ մի շարք երկրներ, դրանց թվում՝ ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան, հայտարարել էին Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին:
Պեկինն, ըստ այդ մեղադրանքների, ոտնահարում է Սինցզյանի ույղուրական բնակչության շահերը եւ նրանց նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է վարում:
Դեռ 2021-ի գարնանը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել էր, որ Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը Պեկին չի մեկնի, կմեկնեն միայն օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներն ու նրանց մարզիչները։
Չինաստանն արձագանքել է Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը դիվանագիտական քայլով բոյկոտելու Վաշինգտոնի որոշմանը։ Պաշտոնական Պեկինը հայտարարել է, թե նման որոշումը կվնասի Օլիմպիական խաղերը բոյկոտելու մտադրություն ունեցող երկրների հետ համագործակցությանը։ Իսկ ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այդ առիթով հայտարարել էր, որ Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը վիթխարի իրադարձություն է մարզիկների եւ ամբողջ աշխարհի մարզասերների համար:
«Սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը հակասում են Օլիմպիական խարտիայի ոգուն: Չինաստանը վստահ է, որ լավ կազմակերպված, անվտանգ եւ հաջող Օլիմպիական խաղեր կանցկացնի»,- ընդգծել է ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: