Եվրախորհրդարանը 1999-ից ի վեր առաջին անգամ կին նախագահ կունենա։ Եվրախորհրդարանի նախկին փոխխոսնակ, Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մեցոլան քվեարկության առաջին փուլում բացարձակ մեծամասնությամբ ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ։ Մեցոլային կողմ են քվեարկել 690 պատգամավորից 458-ը։ Քվեարկությունն անցկացվել է հեռավար։
Մեցոլայի թեկնածությունն առաջադրել է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Ռոբերտա Մեցոլան ակտիվորեն պաշտպանում է կանանց իրավունքները եւ հանդես է գալիս Եվրախորհրդարանում առավելագույնս բաց լինելու օգտին:
Եվրոպական խորհրդարանի նախորդ նախագահ Դավիթ Սասոլին մահացել էր հունվարի 11-ին։ Նա հիվանդանոցում էր անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից։ Սասոլին Եվրախորհրդարանի նախագահ էր ընտրվել 2019-ի հուլիսի սկզբին։