Ըստ «Արմենպրես»-ի՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը եւ երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների առնչությամբ նշել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել է ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Նա պնդել է, թե համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է․ «Այս խնդիրը մենք ենք լուծել նրանց փոխարեն»: