Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ամերիկացի գործընկերոջը հորդորել է չշահարկել Կիեւի դեմ նախապատրաստվող ռուսական ագրեսիայի մտացածին թեման եւ Կիեւի իշխանություններին ստիպել ամբողջ ծավալով կատարել Մինսկի համաձայնագրերը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ ագրեսիայի մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կողմից ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշում էին, որ Արեւմուտքի այն հայտարարությունները, թե իրենք կօգնեն Կիեւին պաշտպանվելու ռուսական ագրեսիայից, ուղղակի ծիծաղելի եւ վտանգավոր են։
Լավրովը նաեւ ՆԱՏՕ-ին մեղադրել էր Ուկրաինային զենքի մատակարարումներն ավելացնելու համար, ինչը, նրա կարծիքով, կարող է Կիեւին հրահրել դիմել ռազմական արկածախնդրությունների:
Լավրով-Բլինքեն հանդիպումը նախապատրաստման փուլում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի ուշ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մոտ ժամանակներում կարող են հանդիպել Եվրոպայում: Զախարովան հավելել է, որ Լավրով-Բլինքեն հանդիպումը նախապատրաստման ակտիվ փուլում է:
Ավելի վաղ ՌԴ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել էին երկրների միջեւ անվտանգության երաշխիքներին եւ հետագա շփումներին վերաբերող հարցեր: