Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը, խորհրդարանի ստորին պալատում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում 2021-ի դեկտեմբերի 21-ին ԼՂ կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին ադրբեջանական կողմի արտահայտությունները: Նա ընդգծել է, որ Ալիեւի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային եւ Ֆրանսիայի նախագահի թեկնածուին:
Միեւնույն ժամանակ Լը Դրիանը հայտնել է, որ ակնկալում է, թե այսուհետեւ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաներն իրենց այցելությունների մասին նախապես կտեղեկացնեն hանրապետության իշխանություններին:
Նախարարը նաեւ հիշեցրել է, որ ֆրանսիացի պատգամավորներն ու պաշտոնյաները պարբերաբար տեղյակ են պահում ԱԳՆ-ին իրենց արտասահմանյան այցերի մասին՝ անկախ դրանց նպատակներից: Ժան Իվ Լը Դրիանն օրինակ է բերել Հայաստան այց կատարած Սենատում (վերին պալատ) «Հանրապետականների» դաշինքի նախագահ Բրյունո Ռետայոյին եւ ԱԳՆ-ին կից պետքարտուղար Կլեման Բոնին։
«Հանրապետականներ» դաշինքի պատգամավոր Էրիկ Սյոտին ի պատասխան հայտարարել է, որ թեկնածու Պեկրեսը մտադիր չէ ուղեւորությունների թույլտվություն վերցնել թեկնածու Մակրոնից։
Պատասխան հայտարարության մեջ Ադրբեջանը հայտարարել է, թե Լը Դրիանի՝ այլ պետության ղեկավարի հայտարարության մեկնաբանությունն անպատասխանատու ու անընդունելի ձեւով հակասում է դիվանագիտական ավանդույթներին։