Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է, որ իր այցը կարող է շրջադարձային դառնալ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում։ Իրանի նախագահը նշել է, որ մոսկովյան հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն է: Նա հավելել է, որ այցի ընթացքում ջանքեր կգործադրվեն տարածաշրջանում բարիդրացիության քաղաքականությունն առաջ մղելու համար:
Ըստ Ռայիսիի՝ Իրանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունն, անկասկած, կապահովի տարածաշրջանի անվտանգությունը: Նա նշել է, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում տնտեսական եւ քաղաքական մի շարք կազմակերպություններում, որոնց անդամներ են Իրանը եւ Ռուսաստանը: Դրանց թվում Ռայիսին կարեւորել է Շանհայի համագործակցության կազմակերպության դերը:
Իրանի նախագահը շետել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում նաեւ Եվրասիական տնտեսական միությունում, եւ այդ ուղղությամբ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել առեւտրատնտեսական նախագծերի իրագործման առումով:
Հունվարի 19-ին Մոսկվայում մեկնարկում են Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները։ Սա Ռայիսիի՝ նախագահ ընտրվելուց ի վեր առաջին այցն է Ռուսաստան: