Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին եւ ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը հոդված է հրապարակել, որտեղ մեջբերել է թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ հունվարի 15-ին Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ ելույթը։ Թուրք պրոֆեսորն իր ելույթում Դինքին անվանել է Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ*։
Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն եւ թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Շիշլիի «Ակոս» խմբագրատան առաջ:
Պրոֆեսոր Աքչամը գրել է, որ Հրանտ Դինքը Մարթին Լյութեր Քինգի պես սպանվեց, քանի որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը կասկածի տակ դնող փիլիսոփայություն ուներ։
«Նա սպանվեց, քանի որ քաղաքացիական հավասար իրավունքներ էր պահանջում։ Քանի դեռ Դինքին չեն հռչակել հանրապետության հիմնադիր, այս երկրում ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների հարգանքը չեն տիրի, եւ այս հանրապետությունը չի կարող պսակվել ժողովրդավարությամբ»,- նշել է պրոֆեսորը:
Աքչամը նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է՝ մարգինալացնելով հայերին, հույներին, ասորիներին եւ հրեաներին։ Դինքը, ըստ պրոֆեսոր Աքչամի, սպանվեց, քանի որ ասել է. «Ես հայ եմ. ինձ այսպես եք ընդունելու»։ Սպանվեց, քանի որ ասել է, որ հնարավոր է լինել ե՛ւ հայ, եւ՛ հավասար իրավունքներով քաղաքացի։
«Իմ պնդումը հետեւյալն է. Հրանտ Դինքը հոգեբանական գերակայություն է։ Նա գուցե շատ դանդաղ, բայց ներթափանցում է այս հասարակության մազանոթների մեջ։ Դինքին իմանալ եւ հասկանալ ցանկացողների թիվն աճում է, քանի որ Դինքը ներկայացնում է մի նոր բան, որը մենք կարոտում ենք։
Վերջին խոսքս հետեւյալն է. խնդրում եմ, բացե՛ք Թուրքիա-Հայաստան սահմանը եւ սահմանային անցակետն անվանե՛ք «Հրանտ Դինքի անցակետ»։ Սա մեծ քայլ կլինի հանրապետության հիմնադրման ընթացքում թողնված սխալների վերացման ուղղությամբ»,- ընդգծել է պրոֆեսոր Թաներ Աքչամը։
*Մարթին Լյութեր Քինգ — ամերիկացի հոգեւորական, ակտիվիստ, որը հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար մղած իր պայքարով։ Ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ ռասայական խտրականության դեմ ոչ բռնի դիմադրություն ցույց տալու համար։