Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ռուս-ուկրաինական խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնելու: «Սա անում ենք որպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի բարեկամ եւ ՆԱՏՕ-ի դաշնակից»,- ասել է Քալընը։
Նա նշել է, որ Թուրքիան չի ցանկանում Ուկրաինայում կամ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ որեւէ ռազմական բախում կամ պատերազմ՝ կրկին ընդգծելով, որ Թուրքիան լիովին աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու քաղաքական ինքնիշխանությանը:
Քալընը շեշտել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության հետեւանքները մեծ եւ անդառնալի կլինեն:
Խոսելով խնդրի լուծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերի մասին՝ Քալընն ընդգծել է, որ Էրդողանն այդ թեմայով զրույցներ է վարում ՌԴ նախագահ Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Խոսնակը հայտնել է, որ Էրդողանը մեկնելու է Ուկրաինա՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ: