Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ երկխոսությունը խորացնելու անհրաժեշտության մասին:
«Ֆրանսիան նախաձեռնել է ակտիվ պահանջկոտ երկխոսության վերադարձը։ Մի քանի ամիս առաջ էլ ես եւ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել էինք վերադառնալ Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Մեր գործընկերները չհետեւեցին մեր խորհրդին։ Ցավում եմ դրա համար»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ շատ դժվար է Ռուսաստանի նկատմամբ ինքնիշխան քաղաքականություն վարել այդ երկրի հետ երկխոսության բացակայության պայմաններում: Ըստ Մակրոնի՝ 2014-ից գոյություն ունեցող պատժամիջոցների քաղաքականությունը բավարար չէ։
Նա առաջարկել է Ռուսաստանի նկատմամբ ամբողջական օրակարգ մշակել՝ անվտանգության եւ կայունության նոր կարգ հաստատելով: Ըստ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը Եվրոպային թելադրում են պատմությունն ու աշխարհագրությունը:
Մակրոնը խոստովանել է, որ Եվրոպան կախվածություն ունի ռուսական նավթի եւ գազի ներմուծումից։ Սակայն Ֆրանսիայի նախագահը հարկ չի համարում խզել բոլոր կապերը, քանի որ Եվրոպան պետք է լինի խաղաղության եւ հավասարակշռության գործոն, այդ թվում ՌԴ-ի հետ երկխոսության հարցում։
«Ռուսաստանի հետ մենք շատ կապեր ունենք։ Բայց եթե ուզում ենք կշիռ ունենալ, երբեք չպետք է լինենք խոցելի դիրքում»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։