Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է, որ կառավարությունը որոշում է ընդունել դիմել խորհրդարանին երկրում 60 օրով արտակարգ դրության ռեժիմ մտցնելու խնդրանքով:
Փոխվարչապետ Անդրեյ Սպինուն ավելի վաղ նշել էր, որ երկիրը բախվել է ճգնաժամի հերթական փուլին, քանի որ դեկտեմբերին գազի գնման՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 450 ԱՄՆ դոլար սակագինը հունվարին աճել է՝ հասնելով 646-ի:
«Գազպրոմ»-ը պաշտոնապես նախազգուշացրել է, որ կկասեցնի վառելիքի մատակարարումը, եթե մինչեւ հունվարի 20-ը կանխավճար չստանա:
Գավրիլիցան նշել է, որ «Մոլդովագազ»-ը չի հասցնի հունվարին կանխավճար տալ։ Նա հայտնել է, որ խորհրդարանի հաստատումից հետո երկրում արտակարգ դրություն կսահմանվի, որպեսզի արտակարգ հարցերով հանձնաժողովը իրավունք ունենա բնակչությանը վառելիքով ապահովելու հրատապ քայլեր ձեռնարկելու, քանի որ «Գազպրոմ»-ը կարող է հունվարի 21-ից դադարեցնել գազամատակարարումը: