Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ առաջիկա օրերին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան:
Կլաարի հետ տարածաշրջան կայցելեն նաեւ այլ եվրոպացի, մասնավորապես ֆրանսիացի դիվանագետներ, այդ թվում՝ Կիպրոսում եւ Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը:
«Անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ առաջիկա օրերին սպասվող բովանդակալից հանդիպումներին»,- նշել է Կլաարը:
Մեկնաբանելով սահմանին լարվածության հերթական ալիքը՝ հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատելու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ «ուժերը հետ քաշելու վերաբերյալ»:
Տոյվո Կլաարը նաեւ ընդգծել էր Բրյուսելի պատրաստակամությունը՝ լրացուցիչ դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում: