Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Երեւանում պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներին սկսել են տուգանել։ Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում եւ տուգանում օրինազանցներին։
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նշել է, որ շուրջօրյա հսկողություն է լինելու։ Հունվարի 20-ի դրությամբ շուրջ 60 արձանագրություն է կազմվել։
Սաֆարյանը շեշտել է, որ տեսուչները հատուկ չափիչ սարքերով`միկրոմետրերով, չափում են տոպրակի հաստությունը: Թույլատրելի է միայն 50 միկրոնը գերազանցող տոպրակների օգտագործումը: Ավելի բարակ պատերով տոպրակ օգտագործելն օրինախախտում է, որի համար նշանակված է 20000-30000 դրամ վարչական տույժ:
Առեւտրի օբյեկտներում մինչեւ 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օգտագործումը հունվարի 1-ից արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված եւ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: