Ըստ թուրքական «Anadolu» գործակալության՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիեւին, որի «բովանդակալից այցի» կապակցությամբ գոհունակություն է հայտնել:
Թաթարը հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսում միշտ հավատարիմ են իրենց հայրենիք Թուրքիային եւ թուրքական մյուս պետություններին: Նա հավելել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը եւ վերջին տարիներին Թուրքիայի հետ մերձեցումը ոգեշնչել են իրենց։
Կիպրոսի հյուսիսային հատվածը զավթած ինքնահռչակ երկրի ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքերն ու ադրբեջանցիները նույն ծագման ազգ են, նույն մշակույթի կրող են, ճակատագրով միավորված պետություններ են եւ տարատեսակ պայքարներում կանգնած են կողք կողքի:
Դիտորդների ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ Բաքվի պատվիրակության ղեկավարին հրավիրել են նստելու Թուրքիայի դրոշի մոտ. հանդիպման սրահում եղել են միայն Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության դրոշները, իսկ Ադրբեջանի դրոշը, դատելով լուսանկարից, բացակայել է: