«Յոթ օրը մեկ գնում ենք Սիսիան, լողանում, հետ ենք գալիս»,- ասում է Ցղունի գյուղի բնակիչ Էդգար Մկրտչյանը: Նախիջեւանի հետ սահմանակից Ցղունին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից մոտ 22 կմ հարավ է գտնվում: Բարձրադիր լեռների մեջ ծվարած այս գյուղը տարեցտարի դատարկվում է, ըստ տեղացիների՝ առավելապես ջրի բացակայության պատճառով: Գյուղացիները ձմռանը գետից են ջուրը բերում: Գյուղում երկու ընտանիք է ձմեռում։ Էդգար Մկրտչյանի ընտանիքը Սիսիանից այստեղ է տեղափոխվել ութ տարի առաջ:
Էդգար Մկրտչյանը Ցղունի է տեղափոխվել գործի բերումով, բանակում մեխանիկ վարորդ է աշխատում, դիրքապահներին տեղափոխելը, հաց ու ջուր հասցնելը նրա պարտականությունն են:
Էդգարի համար Ցղունին ապրելու եւ արարելու բարենպաստ տեղ է, միայն թե, ասում է, չպետք է պարապ նստել: 2015 թվականին այստեղ է տեղափոխվել, վարկ վերցրել եւ 2 հազար ԱՄՆ դոլարով տուն գնել, տնամերձ 3000 մ այգին տարիների ընթացքում ընդլայնել է՝ 8 հեկտարի հասցնելով. մեծ մասը ծառայում է որպես խոտհարք: «Ստեղծող մարդու տեղ ա, չորս կողմդ ազատ հողեր են՝ վարձակալի, խոտը քաղի, ծախի, անասուն առ: Ալարում են, մարդ կա՝ 25 անասուն ունի, տարածք չի վարձակալում, ինչ ա թե պետությանը գումար չտա: Բայց ձմռան կեսից էլ դես ու դեն ա ընկնում, որ խոտ հավաքի, վարձն էլ՝ եղածը երկու կոպեկ»:
Մեխանիկ վարորդը հիմնական գործից բացի նաեւ տեխնիկաներով է գումար վաստակում, տունը նորոգելու փոխարեն նախընտրել է տրակտորներ ու կցորդներ գնել, հող վարելով գումար վաստակել: Երկու որդիներից ավագը հոր հետ հավասար տրակտորով գործ է անում:
Էդգարը Սիսիան գնալիս տարաները լցնում է մեքենայի թափքը, տան համար խմելու ջուր բերում, «էդ հարցը թե բարձրացնեք, լավ կլինի: Ոռոգման ջուրը կա, տարբեր տեղերից գալիս է, ջրի ճնշում չկա, ասել ենք՝ մենք գյուղացիներով կհավաքվենք, կանենք, մենակ տեխնիկայի հարց լուծվի, ու խողովակաշար տան: Ջրատարի հեռավորությունը 2 կիլոմետր է: Ջրավազան պետք է սարքեն»:
Ցղունի գյուղից ոտքի ճանապարհ է հարեւան Նժդեհ գյուղ՝ նախկին Սոֆլու, որտեղ խնդիրները նույնն են՝ ջրի, խանութի, բուժկետի բացակայություն: Երկու գյուղերի արանքում միայն մի դպրոց կա, որի աշակերտների թիվը կարելի է մատների վրա հաշվել:
«Մի դպրոցում, որտեղ ուսուցիչը ջուր խմելու համար պիտի զանգահարի ծնողին, որ նա տնից դպրոց ջուր հասցնի, կհամարե՞ն գյուղ: Թեկուզ ծորալով, Հեղնար աղբյուրի պես կաթ-կաթ ջուր գա դպրոցում, ի՞նչ է, էդ էլ չեն անում»,- բողոքում է բնակիչներից Վիոլետ Ազարյանը:
Գետն անցնում է գյուղի միջով, բայց գյուղացին ջուր չունի
«Գետը գյուղի միջով է գնում, բայց բնակիչը ոռոգման ջուր չունի, որ բերքը ջրի, աղբյուրի ջրով է ջրում, դույլերը լցնում է, շուռ տալիս առուների մեջ, բա սա գյո՞ւղ է, այստեղ պետք է կառավարությունից մարդ գա, մեր տեղը ապրի 24 ժամ, որ զգա մեր վիճակը: Առվից ջուր ենք կրում ամեն ինչի համար՝ լվացքի, ճաշի: Էնքան ենք կրում, որ ձեռքներս շորերիցս երկարել է»:
Ըստ վարչական ղեկավար Գեղամ Օհանյանի՝ այս երկու գյուղերում ջրի հարցը միշտ դրված է եղել մարզպետների սեղանին: Երկու գյուղերում միասին 47 ընտանիք է ապրում: «Այս թվաքանակի համար 30 մլն դրամ ներդրում չեն անում»,- ասում է վարչական ղեկավարը:
Գառնիկ Օհանյանը համայնքապետարանին ներկայացրել է ջրատար համակարգի կառուցման նախագիծը, ըստ որի՝ 1,5 կմ արտաքին եւ 2 կմ ներքին ցանց պետք է կառուցվի, ջրբաժան դրվի: Անձնական կամ համայնքի միջոցներով խնդիրը լուծելն իրատեսական չէ: Նախկինում «Վեոլիա ջուր» կազմակերպությունն է առաջարկել տնօրինել ջուրը, բնակիչները հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ սարերում ապրող մարդը ջրին չպետք է փող տա:
Համայնքի ղեկավարն ասում է՝ սեփական նախաձեռնությամբ է փորձում ջրի հարցը լուծել: «Նժդեհ գյուղն ընդհանրապես խմելու ջուր չի ունեցել: Մարզպետարանը Նժդեհի համար 2 կմ, իսկ Ցղունիի համար՝ 120 մ խողովակ է տրամադրել, աղբյուրը հասցրել ենք գյուղ: Իրենց հասանելիք խողովակներն էլ չափագրել ենք, տվել իրենց: Ասել եմ՝ դուք ձեր ջուրը քաշեք ձեր տները: 60 մ խորությամբ ջուրը քաշելու փոխարեն հողի երեսով են քաշել, դրա համար ձմռանը սառչում է, ջուր չեն ունենում: Հիմա ընդհանուրը աշխատում է, բայց չի հասնում տները: Այսօրվա դրությամբ Նժդեհ գյուղում 5 աղբյուր կա, ամեն թաղում՝ 1-ը: Պետական ծրագրով չի արվել, ինքս եմ արել, կամաց-կամաց»:
Գառնիկ Օհանյանն էլ գյուղացիների անգործությունից է բողոքում. «Մարդիկ սպասում են, որ սարքեն, տան իրենց, էդ անողն էլ պետությունն է: Իմ ցուլը ծախել եմ՝ խմելու ջուրը գյուղ հասցնելու համար: Դաշտերում ջրաղբյուրներ կան, հավաքում, ջրավազան ենք սարքում, խողովակով տեղափոխում: Ցղունիի դիմացի սարի վրա կա մեկը, արդեն օգտագործում են: Ջրավազանը պետք է մաքրել միայն, ասում եմ՝ գնանք, ջրի ակունքը մաքրենք, իրար վրա են գցում, չեմ կարողանում հավաքել իրար գլուխ»:
Անցյալ տարի Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4 կմ ճանապարհը, որ ամեն ձմեռ գրեթե անանցանելի էր դառնում, համաշխարհային բանկի ծրագրով վերանորոգվել է: Համայնքների ղեկավարը հուսով է, որ կառավարությունը ուշադրություն կդարձնի նաեւ տասնամյակներ ձգձգվող ջրի խնդրին, որը թերեւս բնակիչների՝ գյուղից հեռանալու պատճառներից է:
«Մի ձեթի համար՝ 15 կիլոմետր ճամփա ենք գնում»
Նաեւ միջհամայնքային տրանսպորտ չի գործում, անհրաժեշտ պարենի համար երկու գյուղերի բնակիչները ստիպված են լինում կա՛մ տաքսիով հասնել Սիսիան, կա՛մ իրարից խնդրել: «Եթե մարդ հիվանդանա, ոչ մեկը չի իմանա: Բայց հարկերի ժամանակ բոլորն էլ մեր տեղը հիշում են: Կառավարությունը մեզ կարեւորում է նրա համար, որ էրեխեք ունենանք, հասցնենք 18 տարեկանի, բանակ զորակոչեն, պատերազմի տանեն ու ոչ էլ հետաքրքրվեն ընտանիքով, զավակներով»,- բարկությունը չկարողանալով զսպել՝ ավելացնում է Վիոլետ Ազարյանի մայրը՝ 75-ամյա Նորվարդ Ազարյանը:
Տիկին Նորվարդը 44-օրյա պատերազմում որդուն է կորցրել: Արեգ Ազարյանի կնոջ՝ 26-ամյա Հերիքնազի ուսերին է մնացել չորս անչափահաս զավակների խնամքը:
«Ընդամենը 26 տարեկան եմ, բայց թվում է` 126 տարեկանի կյանք եմ ապրել»: Հերիքնազը երեխաների համար ավելի լավ կյանք ապահովելու համար պետության տրամադրած գումարով տուն է գնել Սիսիանում, այնտեղ էլ դպրոց են հաճախում զավակները: «Պարզապես գոյատեւելով ապրում ենք: Թուրքի դիրքը 7 կիլոմետր է էս գյուղից հեռու: Գիշերը մտնեն գյուղ, սաղին կոտորեն, ոչ մեկը չի իմանա, չի էլ հիշի, որ ինչ-որ տեղ եղել է Ցղունի կամ Նժդեհ»,- հին ու նոր կառավարությունների անտարբերությունից են դժգոհում նվազագույն հարմարություններից զրկված այս կանայք:
լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։