Ժնեւում ավարտվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի փակ ձեւաչափով մեկուկես ժամ տեւած բանակցությունները Ժնեւի «Պրեզիդենտ» հյուրանոցում: Բանակցություններն ընթացել են որոշակի հեռավորության վրա գտնվող սեղանների շուրջը։ Երկու նախարարներից բացի՝ բանակցություններին եւս 12 մարդ է մասնակցել։
Սա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում: Երկրորդը՝ դեկտեմբերին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակում:
Ավելի վաղ Բլինքենն արդեն հայտարարել էր, որ հանդիպմանը չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի փաստաթղթերին:
Ռուսաստանի հետ խնդիրները տրամադրված են լուծել խաղաղ ճանապարհով
ՌԴ արտգործնախարարն էլ ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից բեկում չի ակնկալում, սակայն սպասում է ռուսական առաջարկների պատասխանին: Ավելի վաղ արտգործնախարարը նույնպես ասել էր, որ ԱՄՆ-ում բանակցություններից մեծ արդյունքներ չեն սպասում, բայց տրամադրված են խաղաղ ճանապարհով լուծել Ռուսաստանի հետ խնդիրները:
Ըստ RT-ի՝ Լավրովն ասել է նաեւ, որ ծանոթացել է Ռուսաստանի «ապատեղեկատվության մասին» Պետդեպի զեկույցին: «Ես հետաքրքրությամբ ծանոթացա այդ աշխատանքներին։ Հուսով եմ՝ Պետական դեպարտամենտում որեւէ մեկը զբաղված չի եղել դրանցով ու կենտրոնացել է մեր առաջարկությունների էության վրա»։
Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցն օգտակար ու անկեղծ է անվանել: Դատել՝ արդյոք բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում, հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Ռուսաստանը ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքների վերաբերյալ արձագանքը թղթի վրա ստանա։
«Չեմ կարող ասել՝ արդյոք մենք ճիշտ ուղու վրա ենք, թե ճիշտ ուղու վրա չենք։ Մենք դա կհասկանանք, երբ թղթի վրա ստանանք ամերիկյան արձագանքը մեր առաջարկների բոլոր կետերին»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
Դեռ հարց է՝ ով ում է սպառնում
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը Ժնեւի բանակցություններում ընդունել է, որ Ռուսաստանն իր տարածքում է զենք տեղակայում:
Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որին արեւմտյան գործընկերները թեւի տակ են առել ու խնամում են՝ խրախուսելով ցանկացած արարք, հրապարակավ հայտարարել է, որ եթե Ուկրաինայի քաղաքացիներից ինչ-որ մեկն իրեն ռուս է զգում, թող հեռանա Ռուսաստան:
Իսկ նրանց, ովքեր Դոնբասում դիմակայում են Կիեւի ռեժիմի պետական ահաբեկչությանը, Զելենսկին անվանել է ոչ թե մարդ, այլ առանձնյակներ։ Այդ պատճառով դեռ մեծ հարց է՝ ով ում է սպառնում, եւ ինչի կարող են վերածվել այդ սպառնալիքները։
Լավրովը նաեւ նշել է, որ ամերիկացի գործընկերը գոհ է մնացել կարծիքների փոխանակումից։ Դա կօգնի նրանց հաջորդ շաբաթ գրավոր արձագանքելու անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկներին:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների հաջորդ հանդիպումը նախատեսվում է փետրվարին: